Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնում են՝ հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։
Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


















































