Ժամանակակից գրող, հրապարակախոս, ԱԳՆ նախկին աշխատակից Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վերջերս հյուրերի հետ այցելելով Հրազդան քաղաք՝ պարզել է, որ քաղաքային իշխանությունները որոշել են վերանվանել Լևոն Խեչոյանի անվան 8-րդ փողոցը, հանել են ցուցանակները, եւ այն դարձել է ուղղակի 8-րդ փողոց:
«Փաստորեն Սերժ Սարգսյանի իշխանությունը, ում Խեչոյանը քաղաքական դրդապատճառներով հետ էր հանձնել իր՝ պատերազմում ստացած շքանշանները, ավելի գնահատեց նրա վաստակը մեր պետականության կայացման գործում և նրա անունով փողոց անվանեց, իսկ այսպես կոչված այսօրվա ժողովրդավար իշխանությունները, ովքեր մեր հերոսների անունները ջնջում են ոչ միայն պատերից, այլ նաև մեր պատմության էջերից, անցել են նաև փողոցներին»,- գրել էր Սեմիրջյանը:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստացավ Հրազդան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանից: «Նման բան չկա… Ի սկզբանե Լեւոն Խեչոյան փողոցի հետ կապված գործընթաց էր սկսվել, սակայն ավարտին հասցված չի եղել, այդպես մնացել է 8-րդ փողոցը, այժմ գործընթացը գնում է, որ փողոցը կրի Լեւոն Խեչոյանի անունը, ցուցանակ էլ դրվի: Չկա նման բան, որ իբր ուզում ենք փողոցի անունը փոխել»,- հեռախոսով փոխանցեց Արամայիս Պողոսյանը:
Նշենք, որ ճանաչված գրող Լեւոն Խեչոյանը ծնվել է Ջավախքում, սակայն 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում: Նա 2013 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն վերադարձրել է մեդալը՝ նշելով, որ երբ մեր երկրում մեծ ծավալների է հասել արտագաղթը, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով, իր ազատամարտիկ եղբայրները նստացույց են անում, այդ մեդալը չի կարող ընդունել:
Կարդացեք նաև
«Այդ տղաների ոտքերի տակ դղրդում էր ամբողջ Ադրբեջանը, չէ՞ որ այդ տղաները արյուն տվեցին մեր հայրենիքի համար, ու մեկ էլ՝ զոհվածների հիշատակն է, որ ստիպում է այսօր նրանց կողքին լինել»,- ասել էր նա Aravot.am-ին:
Հավելենք, որ Հրազդանի քաղաքապետը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սեւակ Միքայելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































