Լրահոս
Օրվա լրահոսը

Firebird-ը և ԱՏՁՄ-ն Հրազդանում կստեղծեն արհեստական բանականության կրթական կենտրոն

Նոյեմբեր 24,2026 13:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Firebird x UATE AI Hub-ը երիտասարդներին կտա ճանապարհ՝ դպրոցական աշխատանոցից դեպի մասնագիտություն և սեփական տեխնոլոգիական նախաձեռնություններ։

Երևան, 23 նոյեմբերի 2026 թ. — Firebird ընկերությունն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտարարել են Հրազդանում Firebird x UATE AI Hub կրթական և նորարարական կենտրոն ստեղծելու նախաձեռնության մասին։ Կենտրոնը կմիավորի ճարտարագիտական կրթությունը, արհեստական բանականության կիրառական ուսուցումն ու տեխնոլոգիական նախագծերի զարգացումը՝ երիտասարդների համար ստեղծելով ճանապարհ դպրոցական աշխատանոցից դեպի մասնագիտական գործունեություն և սեփական տեխնոլոգիական նախաձեռնություններ։ Կենտրոնի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։

Համագործակցությունը ներկայացվել է «Դիջիթեք 2026»-ի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսում՝ Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի, Firebird-ի համահիմնադիր ու նախագահ Ալեքսանդր Եսայանի, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանի և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանի մասնակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է Հրազդանում զարգացող ԱԲ ենթակառուցվածքի շուրջ ձևավորել կրթական և մասնագիտական միջավայր՝ քաղաքը դարձնելով կիրառական արհեստական բանականության ուսումնառության կենտրոն Հայաստանի տարբեր համայնքների երիտասարդների համար։ Համագործակցությունը համադրում է Firebird-ի տեխնոլոգիական փորձն ու միջազգային կապերը, «Արմաթի» ճարտարագիտական կրթության ցանցը և ԱՏՁՄ-ի՝ 300 անդամ ընկերություններից և կրթական գործընկերներից բաղկացած համայնքը։

«Ուզում ենք, որ երիտասարդները ոչ միայն օգտվեն արհեստական բանականությունից, այլև դրա օգնությամբ ստեղծեն սեփական լուծումներն ու կյանքի կոչեն իրենց գաղափարները։ Մեր դերն է նրանց տրամադրել դրա համար անհրաժեշտ գործիքներն ու աջակցությունը։ Մենք այստեղ ենք երկարաժամկետ հեռանկարով, և մեզ համար կարևոր է, որ այս համայնքում մեր ներդրումն ավելի մեծ լինի, քան այն օգուտը, որ ինքներս ստանում ենք։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր համախմբել են այս համայնքը և հիմք դրել այս կարևոր նախաձեռնությանը», — նշել է Ռազմիկ Հովակիմյանը։

«Արմաթը» ԱՏՁՄ-ի ճարտարագիտական կրթության ծրագիրն է, որն ավելի քան 12 տարի գործում է Հայաստանում և այսօր ունի 650 աշխատանոց բոլոր մարզերում, որտեղ սովորում է 17 000 աշակերտ։ Կենտրոնի ծրագրերից մեկը կլինի «Արմաթի» սաների համար մշակված խորացված ծրագիրը։ Ծրագրավորման, ռոբոտաշինության և էլեկտրոնիկայի սկզբնական գիտելիքներից նրանք կանցնեն կիրառական ԱԲ-ի, իրերի ինտերնետի և ավտոմատացման նախագծերի՝ աշխատելով մասնագիտացված սարքավորումներով, մշակելով նախատիպեր և համագործակցելով ոլորտի փորձագետների ու ընկերությունների հետ։

«Տաղանդը համաչափ է բաշխված ամբողջ Հայաստանում, և մեր խնդիրն է նույնքան համաչափ ստեղծել զարգացման հնարավորություններ։ «Արմաթը» երեխաներին տալիս է առաջին գործիքներն ու վստահությունը, իսկ Հրազդանի կենտրոնը նրանց առջև կբացի մեծ տեխնոլոգիաների աշխարհը՝ թույլ տալով դպրոցական նախագծերից անցնել իրական ԱԲ լուծումների և սեփական նախաձեռնությունների ստեղծմանը», — ասել է Էդիտա Ղազարյանը։

Նախնական նախագծով կենտրոնը կունենա ռոբոտաշինության և էլեկտրոնիկայի աշխատանոցներ, ԱԲ ստուդիա, ճկուն դասասենյակներ, համատեղ աշխատանքի և թիմային նախագծերի զարգացման գոտիներ, ինչպես նաև միջոցառումների ու աշխատանքների ներկայացման սրահ։

Կենտրոնը բաց կլինի բոլորի համար։ Այստեղ նախատեսվում են ԱԲ ծրագրեր դպրոցականների և ուսանողների համար, ուսուցիչների վերապատրաստումներ, մասնագետների և ընկերությունների համար կիրառական ԱԲ դասընթացներ, հաքաթոններ, ինչպես նաև սկսնակ թիմերի գաղափարների և բիզնեսների զարգացման ծրագրեր։ Այս ձևաչափը հնարավորություն կտա կենտրոնն ամբողջ տարվա ընթացքում ծառայեցնել տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի։

«Հենց սկզբից մեզ համար կարևոր էր ներդրում անել տեխնոլոգիական կրթության մեջ, որպեսզի Հրազդանի և հարակից համայնքների երիտասարդներին հասանելի լինեն մասնագիտական զարգացման հնարավորություններ։ ԱՏՁՄ-ի հետ երկար աշխատել ենք այս ծրագրի շուրջ և այսօր ներկայացնում ենք այդ աշխատանքի արդյունքը՝ կենտրոն, որը կօգնի պատրաստել մասնագետների նոր սերունդ։ Ուրախ ենք այս նախաձեռնության մաս լինել և աջակցել երիտասարդներին՝ իրենց ապագան տեխնոլոգիական ոլորտի հետ կապելու ճանապարհին», — նշել է Ալեքսանդր Եսայանը։

Firebird-ը կենտրոնի ռազմավարական հիմնադիր գործընկերն է, իսկ ԱՏՁՄ-ն կղեկավարի կենտրոնը՝ համակարգելով կրթական ծրագրերը և ներգրավելով նոր գործընկերներ։ Կենտրոնը կզարգանա փուլերով։ Սկզբում կհագեցվի տարածքը, կմեկնարկեն «Արմաթի» խորացված ծրագիրը, առաջին հաքաթոնները և թիմերի աջակցության ծրագրերը։ Հաջորդ փուլերում կընդլայնվեն մասնակիցների շրջանակն ու կրթական առաջարկը, այդ թվում՝ Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդների համար։

Նախաձեռնությունը համահունչ է նաև Firebird Labs-ի նպատակին՝ տեխնոլոգիական ենթակառուցվածքը կապել տաղանդի, հետազոտության և նոր ընկերությունների ստեղծման հետ։ Firebird Labs-ը ընկերության նորարարական հարթակն է, որն աջակցում է տեխնոլոգիական թիմերի զարգացման՝ համադրելով հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, նախագծերի համատեղ մշակումը և ներդրումային հնարավորությունները։ Հրազդանի կենտրոնը նախատեսված է ամրապնդելու այս ճանապարհի կրթական հիմքը՝ ավելի շատ երիտասարդների պատրաստելով առաջադեմ տեխնոլոգիաներով աշխատելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30