Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա էդպես թաքուն բա՞ն է, որ ազդակներ են հասել Բաքու»․ Հասմիկ Հակոբյանը՝ Հաջիեւի հայտարարության մասին

Օգոստոս 04,2026 13:50 Share

«Մենք մեր ներքին հարցերն ինչո՞ւ պետք է քննարկենք որևէ երկրորդ երկրի հետ։ Դա մեր ներքին հարցն է։ Իսկ ազդակներ․․․ մենք հրապարակայնորեն ասում ենք՝ նոր Սահմանադրության հանձնաժողով ենք ստեղծել․․․, այսինքն՝ դա էդպես թաքուն բա՞ն է, որ ազդակներ են հասել Բաքու։ Եթե մենք քննարկում ենք այդ ամեն ինչը, եթե մենք խոսում ենք, ասում ենք, առաջիկայում հրապարակելու ենք նախագիծը, դատական համակարգի շատ խնդիրներ այդ նախագծի շրջանակներում ենք պատրաստվում լուծել։ Ուղիղ ասում ենք, որ առաջիկայում այդ գործընթացներն առաջ ենք տանելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանից դրական ազդակներ կան՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության և «Թուրքիային և Ադրբեջանին ներկայացվող հողային պահանջները հանելու մասին»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ովքե՞ր և ի՞նչ ազդակներ են փոխանցել ադրբեջանական կողմին։

Թե ինչպես է ՔՊ-ն առաջ տանելու իր ծրագիրը, արդյոք այդ պատճառով են փորձում խորհրդարանում համերաշխ մթնոլորտ ստեղծել, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Լավ կլինի, որ նրանք էլ մեր Հայաստանի հիմնարար շահը տեսնեն Հայաստանի համար կարևոր փաստաթղթերում, բայց 2018-ին էլ ՔՊ-ն ԱԺ-ում ամենափոքր խմբակցությունն էր, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան, քվեարկեցին, որպեսզի ՔՊ-ն ունենա վարչապետ։ Եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ ժողովրդի որևէ ընտրյալ դեմ լինի»։

Սահմանադրության նախագիծը, ըստ ՔՊ-ական պատգամավորի, լայն քննարկման է դրվելու, և դրա ընդունումը ձևական բնույթ չի կրելու, ինչպես նախկինում։ Ինքը պնդում է՝ հայ ժողովուրդը պատմականորեն չի ընտրել իր Սահմանադրությունը։

Հստակեցնող հարցին՝ համաժողովրդական ճնշման ներքո սահմանադրական փոփոխություն իրականացնելու սցենա՞րն են ընտրել, պատասխանեց՝ որևէ սցենար չեն ընտրել, ժողովուրդն է իշխանություն, և եթե ժողովուրդն ուզի, որ ունենա այդ Սահմանադրությունը, հետո կհասկանան․ «Իսկ կարող է այդ նախագիծը ներկայացնենք, և պետականամետ մտածողության պատգամավորներ քվեարկեն․ դուք բացառո՞ւմ եք։ Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ քվեարկեն»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31