Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսակ Գաբրիելյան. «Մինչեւ այս պահը անձամբ ես որեւէ արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ՝ պարոն Վարդեւանյանին չեմ ուզում»

Օգոստոս 07,2026 14:46 Share

ԱԺ այսօրվա նիստի ընդմիջմանը ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդեւանյանի ընտրության մասով իրենց խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի։

Հարցին, թե այսօր կհասցնե՞ն խմբակցությունով հավաքվել, պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ՝ չեն հասցնի, որովհետեւ 59 ելույթ կա, յուրաքանչյուրը՝ 10-ական րոպե, որը կազմում է 590 րոպե, իսկ նիստն ավարտվում է ժամը 18։00-ին։

Լրատվամիջոցները հետաքրքրվեցին նաեւ, թե ընդդիմությունը հայտարարել է, որ ժամը 15։00-ին դահլիճում չի լինելու։ Դա կարո՞ղ է ազդել իրենց խմբակցության մարտավարության վրա, որպեսզի ելույթները հանեն եւ քվեարկությունը շուտ կազմակերպեն։ «Չեմ կարծում։ Ինչի՞ պետք է այդպես լինի։ Ժամը երեքից հետո այսպես թե այնպես մի նիստ է մեզ մնում՝ 1,5 ժամ։ Իսկ դա 10 րոպե ելույթներով մոտավորապես 10-15 հոգու ելույթ է։ Իմ տպավորությամբ վաղն է հասնելու հերթը»,-ասաց իշխանական պատգամավորը։

Սիսակ Գաբրիելյանը չկարողացավ ասել, թե Արամ Վարդեւանյանի թեկնածությանը քվեարկելու մի՞ որոշում կլինի, թե՞ ազատ քվեարկություն։ Սակայն իր կարծիքով՝ մի որոշում կլինի։ Պատգամավորը դժվարացավ ասել նաեւ՝ ավելի շատ հակված են ընտրելո՞ւն, թե՞ չընտրելուն՝ նշելով, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել, ուստի ինքը դրա պատասխանը չունի։

«Տեղը սահմանադրությամբ ընդդիմությանն է։ Ընդդիմադիրներից մեկ խմբակցություն է առաջադրել եւ ինչ-որ մեկը պետք է ընտրվի։ Համենայն դեպս, պարոն Վարդեւանյանն իր խոսքում նշեց, որ ինքը շատ է ուզում այնտեղ լինել։ Մինչեւ այս պահը անձամբ ես որեւէ արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ՝ պարոն Վարդեւանյանին չեմ ուզում, ուզում եմ պարոն Կարապետյանը լինի մեր թեկնածուն կամ պարոն Ղազինյանը։ Իսկ եթե միասնական քվեարկության որոշում եղավ, խմբակցության որոշումները պարտադիր են կատարման համար։ Ինչպես պարոն Վարդեւանյանը նշեց, որ մի օր իր խմբակցությունը եթե որոշի, որ ինքն այլեւս չպետք է լինի, ինքը կգնա։ Ինձ թվում է, դա էլ է նորմալ ընթացք»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել