«Տիկին Վարդանյան, ընդհանրապես խոսքերն ասվում են անհրաժեշտաբար, դատարկախոսությունը լավ բան չէ։ Չի կարելի ուղղակի խոսել խոսելու համար։ Դուք ամեն անգամ վեր եք կենում ու հարցնում եք՝ հլա ասեք, ի՞նչ եք մտածում, ո՞րն է Հայաստանի համար սպառնալիք։ Հատուկ ծառայություն ենք ստեղծել, որը ձեր օրոք չի եղել, այդ ծառայությունը տվել է զեկույց, որտեղ գրված են ՀՀ հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները։ Եթե ԱԺ նախագահը վեր կացավ, ասաց՝ այս պետությունը մեզ համար սպառնալիք է, դա ձեզ ի՞նչ է տալու»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը (լուսանկարում)։
Ի պատասխան Քրիստինե Վարդանյանն իր ելույթում ասաց․ «Պարոն Եղոյան, լա՞վ եք, ի՞նչ է եղել։ Ես ձեզ հո չեմ հարցրել՝ երեկ գիշեր ինչ եք արել, որ այդպես ջղայնացել եք։ Ես կարեւորագույն հարց եմ ուղղել պետական քաղաքականության եւ ընդհանրապես պետությունը կազմակերպելու մասին, ինչի՞ց եք այդքան ջղայնացել։ Ընդհանրապես ի՞նչ է նշանակում ընդդիմադիր պատգամավորի վրա մուննաթ գալ, որ 5 տարի շարունակ հետեւողականորեն անվտանգային հարցեր է բարձրացնում։ Մի հատ կիսաանձնական հարց տամ՝ վրեքդ խոսակցությո՞ւն է եկել։ Ես պարոն Ռուբինյանի պատասխանից շնորհակալ եմ, ապրի պարոն Ռուբինյանը։ Ես նրան հարցրել եմ՝ որո՞նք են Հայաստանի սպառնալիքները։ Եվ, այո, այդ պարզունակ հարցի պատասխանը Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի իմանալ։ Լավ է, որ պարոն Ռուբինյանի ինքնիշխանությունը թույլ տվեց ասել սպառնալիքների ուղղությունը, բայց լավ չէ, որ ինքնիշխանությունը չբավարարեց ասելու, որ ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանն են սպառնալիք, այլ Ադրբեջանի վարած պետական քաղաքականությունը, այո, Հայաստանի համար սպառնալիք է, Թուրքիայի վարած պետական քաղաքականությունը, այո, Հայաստանի համար սպառնալիք է»։
Քրիստինե Վարդանյանը հավելեց․ «Դուք ասում եք՝ մենք սպառնալիքը ֆիքսել ենք, դրա համար գործընթացներ ենք սկսել, որ այդ սպառնալիքը չեզոքացնենք։ Դա շատ տրամաբանական կլիներ, եթե այդ գործընթացը լիներ փոխզիջումներով։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ դուք չեք կարող պատմության մեջ օրինակ ցույց տալ, երբ սպառնալիքը հնարավոր է եղել զսպել, սպառնալիքին հնարավոր է եղել դիմագրավել, ագրեսորին հնարավոր է եղել զսպել՝ իր բոլոր պահանջները կատարելով։ Եթե Սոնա Ղազարյանը էլի գալու է հարցնի՝ բայց մենք ի՞նչ պահանջ ենք կատարել, ես կարող եմ անվերջ թվել՝ տարածքային պահանջներից, մինչեւ Ադրբեջանն ասել է՝ անխոչընդոտ ճանապարհ պիտի տրամադրեք, ամրագրել եք անխոչընդոտ ճանապարհը, ասել է՝ ես հայեր չպետք է տեսնեմ Հայաստան մտնելուց, ֆիքսել եք այդպիսի կարգավորում։ Այսինքն՝ դուք սպառնալիքի անվերջ պահանջները կատարելով՝ չեք կարող սպառնալիքը զսպել, դուք միայն ախորժակը կարող եք գրգռել ու սպառնալիքը մեծացնել՝ մեզ ավելի խոցելի դարձնելով»։
Կարդացեք նաև
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ սպառնալիքին պետք է դիմագրավել։ «Ո՞նց կարելի է դիմագրավել այդ սպառնալիքներին, եթե քեզ սպառնում է տնտեսական էքսպանսիա, կարելի է այդ սպառնալիքին դիմագրավել՝ համապատասխան օրենք ընդունելով եւ պաշտպանելով քո տնտեսությունը։ Եթե հարեւան պետությունը թշնամական պետական քաղաքականություն է վարում քո նկատմամբ ու սպառնում է այստեղ բնակեցնել ադրբեջանցիներին, այո, հնարավոր է օրենսդրական կարգավորումներով զսպել, դիմագրավել այդ սպառնալիքին։ Մենք չենք առաջարկում Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարել, բայց մենք առաջարկում ենք երկու բան՝ արհեստականորեն չնվազեցնել մեր սպառնալիքները եւ ուղիներ մշակել դրանց դիմագրավման համար»,- նշեց պատգամավորը։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































