Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորներից ոչ մեկը մյուսին հանձնարարություն տալու իրավունք չունի։ Աժ նախագահը փոխնախագահներին հանձնարարություն տալիս է միայն նիստերը նախագահելու համար»․ Էդգար Ղազարյան

Օգոստոս 10,2026 12:10 Share

«Պատգամավորներից ոչ մեկը մյուսին հանձնարարություն տալու իրավունք չունի։ Աժ նախագահը փոխնախագահներին հանձնարարություն տալիս է միայն նիստերը նախագահելու համար իր կարճատև բացակայության ընթացքում»,- ԱԺ նիստի ընթացքում, արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն պնդմանը, թե՝ եթե «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդեւանյանն ընտրվի, կատարելու է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հանձնարարականները, հայտարարեց «Ուժեղ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Սիսակ Գաբրիելյանը, դիմելով Արամ Վարդեւանյանին, մասնավորապես հայտարարել էր․ «ԱԺ կանոնակարգ օրենքում չգտա գեթ մեկ բան, որ կարող եք անել, որն ԱԺ նախագահի կողմից հանձնարարված չէ Ձեզ։ ԱԺ նախագահի տեղակալ եք ընտրվում՝ կատարելու պարոն Ռուբինյանի հանձնարարականները։ Մի քաղաքական ուժ, որը կարծում է՝ մենք եկել են իրագործելու ապոկալիպտիկ ծրագիր, իսկ իրենք եկել են կանխելու, մի հատ էլ առաջադրում եք ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու, որ կատարեք այդ իշխանության հանձնարարականները։ Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում և կարծում՝ ընտրվելու դեպքում չեք անի այնպիսի գործողություններ, որը կնշանակի՝ Դուք չեք կատարել պարոն Ռուբինյանի հանձնարարականները, և մենք ստիպված չենք լինի այդ հիմքով Ձեզ հեռացնել այդ պաշտոնից»։

Էդգար Ղազարյանն իր ելույթում նշեց՝ միակ պաշտոնը, որտեղ որևէ փոփոխություն, որեւէ նշանակում կարող է իրեն հետաքրքրել, ՀՀ վարչապետի պաշտոնն է․ «Մեր ցանկացած քայլ միտված է այն նպատակի իրականացմանը, որ Սամվել Կարապետյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը։ Ինչ վերաբերում է ԱԺ ղեկավար պաշտոններին, պետք է նկատի ունենալ, որ դրանք ընդամենը մեզ՝ պատգամավորներիս, հանրային ծառայություններ մատուցելու պաշտոններ են։ Ոչ ԱԺ նախագահը, ոչ տեղակալները որևէ մի պատգամավորից չեն տարբերվում։ Պարզապես նրանք ավելի բարձր վարձատրություն, մեծ աշխատասենյակ և ծառայողական մեքենաներ են ստանում։ Նրանց այդ արտոնությունները տրվում են բոլորիս հանրային ծառայություններ մատուցելու համար։ ԱԺ նախագահին, նիստը նախագահող ԱԺ փոխնախագահին ԱԺ կանոնակարգն իրավունք տալիս է միջամտել ելույթներին, ելույթից հետո հանդես գալ մեկնաբանությամբ՝ արտահերթ հարցի իրավունքով, արտահերթ ելույթի իրավունքով։ Ինչ արվել է մինչև հիմա նրանց կողմից, անօրինական չէ, բայց այլ բան է իրավունք, այլ բան է իրավունքի նկատմամբ հարգանք, ինչ չափով ես օգտվում այդ իրավունքից և ինչ նպատակով։ Կարելի է Էդգար Ղազարյանին կամ մյուս պատգամավորներին ձայն չտալ խոսելու համար, ընդհատել, մեկնաբանել նրա ելույթը, հանդես գալ արտահերթ ելույթով, այլ բաներ էլ կարելի է անել՝ օրինակ ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ անջատել դահլիճի լուսավորությունը, այս իշխանության կողմից ՀԷՑ-ը զավթելուց հետո ամբողջ քաղաքը կարող են հոսանքազրկել, անջատել օդափոխության համակարգը, բայց դրանից խոսքի վրա ազդելու ոչինչ չի փոխվելու։  Գիտեի, որ իմ խոսքը տագնապ է առաջացնում․ մարդիկ խուսափում են ինձ հետ հանդիպել, բայց որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, սա ինձ համար բացահայտում էր այս նիստերի ընթացքում»։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այս առիթով կարդաց ԱԺ կանոնակարգ օրենքից մի հատված և այսպես արձագանքեց․ «Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ ԱԺ նախագահի տեղակալները ԱԺ նախագահի հանձնարարությամբ նախագահում են ԱԺ նիստերը, նախագահում են խորհրդի նիստերը, փոխարինում են  ԱԺ նախագահին կամ իրականացնում են ԱԺ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ։ Հետևաբար հույս ունեմ, որ արդեն ընտրված ԱԺ նախագահի տեղակալները և տեսականորեն ընտրվելիք նախագահի տեղակալները կիրականացնեն իրենց գործառույթները, հակառակ դեպքում, եթե չեն պատրաստվում իրականացնել, թող հայտնեն, մենք էլ իմանանք՝ ինչ ենք անում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31