«Ակնհայտ է, սա քաղաքական վրեժխնդրություն ու քաղաքական վենդետա է, որի մասին Նիկոլ Փաշինյանն անոնսեց երեկ։ Հայտարարելով ու հանձնարարելով իրավապահ համակարգին՝ անմիջապես կալանավորել, ունեզրկել, նստեցնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը`անդրադառնալով այսօր վաղ առավոտից իրավապահների սկսած խուզարկություններին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների տներում ու նրանց պատկանող ընկերություններում:
Գալստյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության մոնիտորինգ անող միջազգային կազմակերպություններն արդեն տվել են իրենց գնահատականը, որ ՀՀ-ն շատ վաղուց մեկ անձի ձեռքում կենտրոնացած բռնատիրական ռեժիմ է։
«Երբ երկրի վարչապետը խորհրդարանի գլխավոր ամբիոնից հանձնարարական է տալիս իրավապահ համակարգին, այդտեղ վերջանում է սահմանադրական պետությունը։ Մենք գործ ունենք սահմանադրական կարգի ակնհայտ խափանման հետ, գործ ունենք մարդկային մանր, քինախնդրության և քաղաքական վրեժխնդրության հետ․․․ Մտնել Լևոն Քոչարյանի տուն, որտեղ երեք անչափահաս երեխա կա․ ի՞նչ պետք է հայտնաբերեն նրանց տանը։ Մարդիկ ապրում են սովորական կյանքով»։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցողը պետության, իրավունքի ու օրենքի գերակայության մասին չէ։
Կարդացեք նաև
«Միանգամից թող ջնջեն՝ ՀՀ-ն սոցիալական ու իրավական պետություն է, Հայաստանը դառնա միջնադարյան խալիֆայություն։ Ի դեպ, այդ ճանապարհով էլ գնում ենք։ Եկեղեցու դեմ հարձակումները, որ նույնիսկ կառավարության ծրագիր է մտել՝ Գարեգին Բ-ի փոփոխման հարցը, եկեղեցու բարենորոգումը, սա սանձարձակություն է»։
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացիները մանդատ են տվել այդ գործընթացներն իրականացնելու, պատգամավորը հիշեցրեց՝ ՔՊ-ին ձայն է տվել ՀՀ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 29 տոկոսը։
«Այդ մանդատը իրեն չի օժտել ոչ «Իրական Հայաստանի» ֆաշիստական գաղափարախոսությունը ժողովրդին վզին փաթաթելու, ապօրինություններ իրականացնելու, Սահմանադրության վրա ոտքերը սրբելու, քաղաքական ձեռքերին ազատություն տալու և երկիրը տանելու քաղաքական հետապնդումների, ատելության խոսքի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































