ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների տանը սկսված խուզարկությունները քաղաքական պատվեր չի համարում։
«Ես չգիտեմ՝ ինչ գործով են գնացել, առավոտյան 9:30-ից այստեղ եմ, ձեզանից լսեցի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գաբրիելյանը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ԱԺ-ում կատարած հայտարարությանը, թե «տմարդություն է Քոչարյանի հանդեպ արածը, ու Քոչարյանը լավ է կառավարել», Գաբրիելյանն այսպես արձագանքեց.
«Տարօրինակ կլիներ, որ պարոն Վարդանյանը, որ պատգամավոր է դարձել Ռոբերտ Քոչարյանի ցուցակով, չնայած նրան, որ ասում էր՝ չեմ դառնա, հայտարարեր, որ Ռոբերտ Քոչարյանը լավ չի կառավարել։ Իր պատկերացումներն են։ Ի՞նչ անեմ, որ պարոն Վարդանյանի համար Ռոբերտ Քոչարյանը նախագահի լավագույն իդեալն է եղել, ցավոք, իր կյանքում այդ մասով էլ ոչ մի բան չեմ կարող փոխել»։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչու, օրինակ, ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի կամ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակներում հանրությունը չտեսավ իրավապահներին նրանց անչափահաս երեխաների ներկայությամբ խուզարկություններ անելու գործընթաց, ինչու են միայն նման գործընթացները լինում ընդդիմադիր գործիչների տներում, Գաբրիելյանն այսպես արձագանքեց.
«Ես ծանոթ չեմ ձեր մատնանշած անձանց գործերին։ Հիմա ի՞նչ եք ուզում, ձեր ասած Կոնջորյանի դեպքով երկու կողմն էլ ՔՊ ներկայացուցիչներ են։ Ումի՞ց են վրեժ լուծում»։
Հետո պատգամավորը խոստացավ ԱԺ-ում իրավապահ մարմինների ներկայացուցիչներից հարցուպատասխանի ժամանակ հրապարակային հարցնել, թե ինչու մի դեպքում այդպես է, մյուս դեպքում՝ այդպես չէ։
Անդրադառնալով Տիգրանաշենի ՀՀ տարածք չլինելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ չհամաձայնեց, որ այն վերադարձվելու է Ադրբեջանին։
«Եթե դուք ասեք՝ վարչապետը որտե՞ղ է ասել, որ Տիգրանաշենը վերադարձվելու է, ես ներողություն կխնդրեմ»։
Իսկ ինչ վերաբերում է Տիգրանաշենի՝ ՀՀ տարածք չլինելուն, Գաբրիելյանն ասաց.
«Իսկ երբ դուք դա լսեցիք, ինչո՞ւ չվազեցիք՝ գտնել արծվաշենցիներին ու ասել՝ վերջապես պատմական արդարությունը վերականգնվել է, հավաքեք ձեր իրերը, մենք գնում ենք մեր պատմական հայրենիք՝ Արծվաշեն»։
Պատգամավորը հորդորեց լրագրողներին կարդալ Սահմանադրությունը, որտեղ ամրագրված է, որ տարածքային փոփոխությունը կարող է տեղի ունենալ բացառապես Սահմանադրությամբ։
«Ես այսպես եմ հասկանում վարչապետի խոսքը։ Ցավում եմ, որ ոչ միայն չեք հասկացել, այլև սխալ եք մեկնաբանում, որովհետև ոչ մի տեղ չի ասվել, որ դա որևէ մեկին հանձնվելու կամ վերադարձվելու է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































