«Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես՝ այս Ազգային ժողովի շենքից մեծ է։ Եթե ներս մտնեն, մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխեքը, ամենայն հավանականությամբ, նույն տան մեջ՝ 2 կիլոմետր հեռավորության վրա կլինեն։ Ամեն անգամ երեխեքին մեջ մի բերեք»,- այսպես է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքում հարցին, թե արդյոք Քոչարյանների տուն մտած իրավապահների գործողությունները քաղաքական պատվերով չեն, ու որքանով էին ճիշտ անչափահաս երեխաների ներկայությամբ նման գործողությունները։
Հետո պատգամավորը սկսեց ընթերցել Քոչարյանին վերագրվող անշարժ գույքերի ցանկը, ըստ որի՝ օրինակ, Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողատարածքը Քոչարյանը ձեռք է բերել 2004-ին՝ 44 մլն դրամով։
«Երբեք Ավանում 8,3 հեկտարը 44 միլիոն չի արժեցել։ Այս հողամասը վաճառվել է «Ֆասթ Քարտ» ընկերությանը, ինչից մեկ տարի հետո ընկերությունը, իհարկե, ոչ որպես «ատկատ» կամ կաշառք, 50 տոկոսը նվիրաբերվել է Քոչարյանի որդուն՝ Սեդրակին։ ՀՀ քաղաքացին ի՞նչ մեղք ունի, ինչո՞վ է մեղավոր եղել ՀՀ քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ իրենց հաջորդ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ քաղաքացիներից վրեժ են լուծել»։
Անդրադառնալով Քոչարյանների նկատմամբ իրականացվող գործընթացների քաղաքական պատվեր լինելու մասին պնդումներին՝ Ալեքսանյանը հավելեց.
Կարդացեք նաև
«100.000 դոլարով 8,3 հա Երևանում հող։ Հերքո՞ւմ են դա, թե՞ չեն հերքում։ Եթե ասում են՝ քաղաքական պատվեր է, հիմա ավելի վատ քաղաքական պատվեր էլ ես տամ՝ ցանկացած մեկը, ով ՀՀ պետբյուջեից փող է գողացել, ՀՀ պետական գույքը մասնավորեցրել ու դրել է իր ընտանիքի գրպանը, կոռուպցիայով է զբաղվել, հարգելի իրավապահներ, կոչ եմ անում՝ տվեք ասֆալտին, տարեք, փակեք։ Սա էլ է քաղաքական պատվեր համարվում»։
Պատգամավորը նաև հեգնեց ժողովրդավարական ինստիտուտից, ժողովրդավարությունից անընդհատ խոսողներին։
«Մարդու իրավունքներ, էս մեկ, էն մեկ։ Լավ էլի, հերիք է ձեռ առնենք մարդկանց։ Եկած օրվանից Լևոն Քոչարյանը, բացի իրենից ու իր ընտանիքի պաշտպանությունից, ուրիշ բանից չի խոսում, հասկացանք, լավ։ Եկեք պատասխանեք՝ այդ ամենը ձեզ որտեղի՞ց, ո՞նց եք միլիոնատեր դարձել, ո՞նց է այդպես լինում»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
















































