ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ընդունել է Նիդերլանդների Ձեռնարկությունների գործակալության (CBI) պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ, մասնավորապես՝ Նիդերլանդներ և Բենիլյուքսի երկրներ մուտքի խթանման, ինչպես նաև արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Անդրադառնալով CBI-ի կողմից հայկական չիր արտադրող և արտահանող ընկերություններին ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ կողմերը կարևորել են ծրագրի ընդլայնումը՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով հայկական ընկերությունների օգտվել արտահանման զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու գործիքներից։
Քննարկվել են նաև 2026 թվականի հոկտեմբերին Նիդերլանդներ և եվրոպական ևս մեկ երկիր նախատեսվող շուկայի ուսումնասիրման առաքելության կազմակերպմանն ու դրա շրջանակում B2B հանդիպումների անցկացմանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, արտահանողների կարողությունների և պատրաստվածության բարձրացման, հնարավոր գործընկերների բացահայտման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև արտահանող ընկերությունների հետ հետագա համագործակցության խորացման շուրջ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































