Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանին հասցեագրված դիմումով «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Արմեն Աշոտի Ղևոնդյանը խնդրել է ուսումնասիրել 2024 թ. հունվարի 16-ին Երևանի Վարդաշեն թաղամասում շտապօգնության աշխատակիցների հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները, ստուգել դրանք և բացահայտել դրանցում առկա հակասությունները, ոստիկանությանը դիմել, պաշտոնապես հերքելու։ Հրապարակված տեղեկություններում նշվել էր, որ երկու եղբայրները բժիշկներից պահանջել են ամեն գնով փրկել իրենց մոր կյանքը, ապա դանակահարել են շտապօգնության աշխատակիցներին…
Ըստ դատապարտյալի՝ հրապարակված մի շարք տեղեկություններում նշվել է, որ դեպքի մասնակիցները եղել են 23 և 24 տարեկան եղբայրներ, ծնված համապատասխանաբար 2000 և 2001 թվականներին։ Մինչդեռ 2024 թ. հունվարի 16-ի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել են 34-ամյա և 38-ամյա երիտասարդներ։ Նա հարցնում է. ո՞ր տարիքային տվյալն է համապատասխանում իրականությանը, ինչո՞ւ է տարբեր հրապարակումներում նշվել տարբեր տարիք, ո՞ր պաշտոնական փաստաթղթից է վերցվել յուրաքանչյուր տարիքային տվյալը, և եթե 23 և 24 տարեկան լինելու մասին տեղեկությունը սխալ է, պահանջում է դրա պաշտոնական հերքումը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երկու անձինք ձերբակալվել են սպանության սպառնալիքի կասկածանքով։ Մինչդեռ գործի նախաքննական և դատաքննական վարույթում այլ ձևակերպումներում նրանց ձերբակալությունը ներկայացվում է որպես մարմնական վնասվածք կամ բռնություն գործադրելու հիմնավոր կասկած։ Պետք է նշել ձերբակալման արձանագրության մեջ նշված կոնկրետ փաստական և իրավական հիմքը և պարզաբանել, թե որ ձևակերպումն է համապատասխանում պաշտոնական փաստաթղթերին։
Խ. Մարոզյանի ուշադրությանն է հրավիրվել նաև ժամանակի վերաբերյալ անհամապատասխանությունը. Ոստիկանության հրապարակման մեջ նշվում է, որ օպերատիվ կառավարման կենտրոն զանգը ստացվել է ժամը 03:40-ին։ Եթե այլ պաշտոնական նյութում դեպքի ժամը նշված է 03:30-ի սահմաններում, ապա նա խնդրել է պարզաբանել՝ 03:30-ը դեպքի սկսվելո՞ւ ժամանակն է, 03:40-ը ոստիկանությանը զանգահարելո՞ւ ժամանակն է, թե՞ տարբեր հրապարակումներում նույն հանգամանքը ներկայացվել է տարբեր կերպ։
Կարդացեք նաև
Հակասություններ կան շտապօգնության ավտոմեքենայի վարորդի փախուստի և բուժ. անձնակազմի մյուս անդամների վերաբերյալ։ Մասնավորապես, ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ շտապօգնության մեքենայի վարորդը հայտնել է, որ իրենք մեկնել են հասցե, որտեղ իրենց վրա դանակով հարձակվել են, և ինքը փախել է։ Մյուս հրապարակումներում նշվում է, որ շտապօգնության խմբի անդամներից մեկը կարողացել է դուրս գալ սենյակից՝ բժշկական սարքավորում բերելու պատրվակով, և այդ ընթացքում ահազանգել է ոստիկանություն։ Պաշտպանական կողը անհարժեշտ է համարում հստակեցնել՝ ով է իրականում զանգահարել ոստիկանություն, վարորդը, թե բուժաշխատողներից մեկը, քանի անձ է գտնվել բնակարանում, ով է կարողացել դուրս գալ բնակարանից։
Նշվել էր նաև տուժողների թվի և կարգավիճակի վերաբերյալ անհամապատասխանության մասին։ Սկզբնական հաղորդագրության մեջ խոսվում է «շտապօգնության խմբի» վրա հարձակման մասին։ Հետագա հաղորդագրություններում արդեն ներկայացվում են առանձին բուժաշխատողներ և նրանց նկատմամբ կատարված կոնկրետ գործողություններ։ Հետևաբար, պարզ չի, քանի բուժաշխատող է եղել դեպքի վայրում և նրանցից քանիսն են ճանաչվել տուժող, ում նկատմամբ է եղել դանակի սպառնալիք և ում նկատմամբ է փաստացի սահմանափակվել ազատ տեղաշարժը։
Նախնական հաղորդագրության մեջ խոսվում է դանակով հարձակման և սպառնալիքի մասին։ Հետագա քննության վերաբերյալ տեղեկություններում արդեն առաջ է գալիս ազատությունից ապօրինի զրկելու հանգամանքը. «Պետք է նշել, թե ինչ կոնկրետ ապացույցների հիման վրա է կատարվել այդ լրացուցիչ իրավական գնահատականը և արդյոք այն հետագայում հաստատվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»։
Հրապարակված տեղեկություններում նշվում է դանակի սպառնալիքի մասին։
Պաշտպանական կողմը հարցնում է՝ «Արդյո՞ք գործի նյութերում առկա է տվյալ դանակը որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին, կատարվե՞լ է դրա զննություն կամ փորձաքննություն, և արդյո՞ք հաստատվել է, որ այն գտնվել կամ կիրառվել է հենց այն անձանց մոտ, որոնց վերաբերյալ տարածվել է տեղեկությունը»։
Ի վերջո, հարցն այսպիսին է. նախնական տեղեկությունների և վերջնական փաստերի
պարզաբանման և տարանջատման.
ա) ոստիկանության կողմից դեպքի սկզբնական պահին ստացված տեղեկությունների,
բ) նախաքննության ընթացքում հաստատված փաստերի,
գ) առաջադրված մեղադրանքի ձևակերպումների,
դ) դատարանի կողմից վերջնականապես հաստատված փաստերի։
Դատապարտյալը դատական և քննչական մարմիններից պահանջել է՝
- Ուսումնասիրել վերը նշված բոլոր հակասությունները՝ մեկ առ մեկ։
- Յուրաքանչյուր հակասության վերաբերյալ տալ փաստաթղթավորված պատասխան։
- Նշել յուրաքանչյուր հրապարակված տեղեկության սկզբնաղբյուրը։
- Սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները պաշտոնապես հերքել և ուղղել։
- Եթե 23 և 24 տարեկան լինելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում պաշտոնական տվյալներին, հրապարակել դրա պաշտոնական հերքումը։
- Եթե իրենց անձի վերաբերյալ տարածվել է չհաստատված կամ սխալ տեղեկություն, այն նույնպես պաշտոնապես հերքել։
- Հերքումը հրապարակել նույն կամ համարժեք հրապարակային եղանակով։
Նա խնդրել է սույն դիմումը և դրա վերաբերյալ պատասխանը հանրությանը ներկայացնել իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանի միջոցով։
Դատապարտյալ Արմեն Ղևոնդյանը ներկայացրած դիմումով հայտնել է նաև տեղեկություններ այն մասին, որ սույն դատական գործում, ի թիվս այլ անճշտությունների և անհամապատասխանությունների, կան նաև դատական վրիպակներ: Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական ակտում տեղ է գտել պատժի կրման սկզբի մասին վրիպակ, այն հետագայում նույն դատարանի կողմից ուղղվել է: Սակայն այդ ժամանակամիջոցում Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Վերը նշված փաստերը պարզաբանելու նպատակով դիմել են ՀՀ ԱՆ ՔԿԾ, խնդրել սույն փաստերի հետ կապված կատարել պարզաբանում և տրամադրել այս գործով դատական գործի բոլոր նյութերը, որից հետո կկատարվի համապատասխան եզրահանգում / գործողություններ:
Իրավապաշտպան կազակերպությունը խնդրել է տրամադրել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
- Տեղեկություն այն մասին, թե ներկայումս որ դատական ակտի հիման վրա է կատարվում Ա. Ա. Ղևոնդյանի նկատմամբ նշանակված պատիժը։
- Տրամադրել Ա. Ա. Ղևոնդյանի պատժի հաշվարկի վերաբերյալ Քրեակատարողական ծառայության / համապատասխան ՔԿՀ-ի կողմից կազմված փաստաթղթի պատճենը՝ նշելով պատժի սկիզբը, պատժի ավարտը, նշանակված պատժաչափը, պատժի հաշվարկում կատարված փոփոխությունները, եթե այդպիսիք եղել են։
Տրամադրել Ա. Ա. Ղևոնդյանի անձնական գործում առկա այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա կատարվել կամ փոփոխվել է պատժի սկիզբը և/կամ ավարտը։ Տեղեկացնել՝ երբ է Քրեակատարողական ծառայությունը կամ համապատասխան ՔԿՀ-ն ստացել Ա. Ա. Ղևոնդյանի վերաբերյալ սկզբնական դատական ակտը և տրամադրել դրա ստացման վերաբերյալ համապատասխան փաստաթղթի կամ գրանցման տվյալների պատճենը։
Եթե հետագայում Քրեակատարողական ծառայությունը կամ համապատասխան ՔԿՀ-ն ստացել է «վրիպակի ուղղման», «թվային վրիպակի ուղղման» կամ որևէ այլ ուղղման վերաբերյալ դատական ակտ, խնդրում ենք նշել այդ ակտի ստացման ամսաթիվը, տրամադրել դրա պատճենը, նշել, թե այդ ակտի հիման վրա ինչ փոփոխություն է կատարվել պատժի հաշվարկում։
Եթե Քրեակատարողական ծառայությունը կամ համապատասխան ՔԿՀ-ն ինքն է դիմել դատարան՝ պատժի սկիզբը, ավարտը կամ հաշվարկը հստակեցնելու վերաբերյալ, խնդրում ենք տրամադրել դատարան ներկայացված դիմումի/գրության պատճենը, դրա ներկայացման ամսաթիվը, դատարանի պատասխանի կամ համապատասխան դատական ակտի պատճենը, այդ փաստաթղթերի հիման վրա ՔԿԾ-ի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկությունը։
Իրավապաշտպանը խնդրել էր նաև տրամադրել պատժի հաշվարկի ամբողջական ժամանակագրությունը՝ սկսած դատական ակտի ստացումից մինչև ներկայումս գործող հաշվարկը՝ նշելով յուրաքանչյուր փոփոխության հիմքը, հայտնել՝ արդյոք ներկայումս Ա. Ա. Ղևոնդյանի պատժի սկիզբը և ավարտը որոշելիս կիրառվել է մեկից ավելի դատական ակտ, և եթե այո՝ խնդրում են նշել յուրաքանչյուր ակտի անվանումը, ամսաթիվը և հիմքը։ Եթե առկա են այլ փաստաթղթեր, որոնք անմիջականորեն հիմք են հանդիսացել Ա. Ղևոնդյանի պատժի ժամկետի կամ դրա հաշվարկի փոփոխության համար, խնդրել են նաև դրանց պատճենները։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2026


















































