ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթին։
«Պարոն Միքայելյան, դուք խոսեցիք Հոկտեմբերի 27-ի մասին, միգուցե տեղյակ չեք, բայց ասեմ, որ նախագահ Քոչարյանն այս պահին կալանավորված չէ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների համար։ Ես վստահ եմ, որ դուք դրա մասին պետք է իմանայիք, բայց եկել եք այստեղ, մի ամբողջ նարատիվներ եք կառուցում՝ մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները նկարագրելով։ Այո, դա մեր պատմության ամենասեւ էջերից մեկն է, մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել։ Եվ հիմա, երբ այդ դեպքերը նկարագրում եք, այդ շղթան բերում հասցնում եք որտե՞ղ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ 8 տարի իշխանության եղած մարդիկ նման հարցադրումներով չեն խոսում, պատասխաններով են խոսում, ոչ թե հարցադրումներով։ Հարցերն ուրիշ մարդիկ են տալիս, դուք պիտի պատասխանները տայիք»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ այդ ողբերգությունից հետո կարեւորագույն պաշտոնների էին նշանակվում մարդիկ, ովքեր ոչ թե «Ռոբերտ Քոչարյանի մարդիկ» էին եւ պետք է պարտակեին, այլ մարդիկ էին, ովքեր ուղիղ հետաքրքրվածություն ունեին այդ ողբերգության բացահայտման մեջ։ Նա, մասնավորապես, տվեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի անունը, որը հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո նշանակվել էր վարչապետ եւ դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը։
«Նաիրի Հունանյանն այսօր ԱԱԾ «պադվալում» է, եթե նոր բան կար բացահայտելու, բա ի՞նչ էիք անում այս ամբողջ ժամանակահատվածում։ Ու հիմա գալ, մի ամբողջ ելույթ կառուցել՝ տպավորություն թողնելով, որ հենց այդ ողբերգության համար է նախագահ Քոչարյանը կալանավորված․․․ Եզակի քարտ կլիներ ձեր ձեռքին, եթե կարողանայիք այդ առիթով մի բան գտնեիք ու նախագահ Քոչարյանին կալանավորեիք»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Սասուն Միքայելյանն իր ելույթում Արցախը անվանեց «այն տարածք»։ «Ինձ համար շատ ցավալի էր պարոն Միքայելյանի այդ հայտարարությունը, որովհետեւ իր քաղաքական ուժի ղեկավարը ուղիղ պատասխանատու եւ ուղիղ մեղավոր է, ինչպես դուք եք ասում, «այն տարածքի» կործանման համար, որի համար դուք կյանք եք տվել, մեր տղաներն են իրենց կյանքը տվել։ Բայց ոչ մի բառ Արցախի մասին, եւ նորից Հոկտեմբերի 27»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նաիրի Հունանյանի լուսանկարը՝ արխիվային


















































