«ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ներառյալ ՔՊ անդամները, պետք է նախևառաջ հարգեն անմեղության կանխավարկածի ինստիտուտը և դրանով առաջ շարժվեն։ Այսօրվա դրությամբ ՀՀ-ում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների նկատմամբ հարուցվող քրեական գործերը քաղաքական հետապնդման, որոշ դեպքում քաղաքական վրեժխնդրության արդյունք են։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ակնհայտ է, որ գործ ունենք ոչ ժողովրդավարական գործընթացների հետ։ Չընտրել ընդդիմության թեկնածուին երկրորդ անգամ, դա ժողովրդավարությանը հերթական հարվածն էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի այն պատճառաբանությանը, թե Իրինա Յոլյանին չեն ընտրել, որովհետև հաշվի են առել այն, որ քրեական գործ կա նրա դեմ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե դուք լինեիք իշխող խմբակցությունը, այդպես չէի՞ք վարվի, եթե պատգամավորի նկատմամբ հարուցված լիներ քրեական գործ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Եթե «Ուժեղ Հայաստանը» լինի իշխանություն, ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն լինի։ Այսօր մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ»։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ այսօր ցանկացած ընդդիմադիր պատգամավոր պետք է պատրաստ լինի, որ դատախազը կարող է իր հետևից էլ գալ․ «Այսօր լինելով քաղաքականության մեջ և ընդդիմադիր՝ ցանկացած պահի պետք է պատրաստ լինես, որ կամ կձերբակալվես կամ կկալանավորվես»։ Հակադարձմանը՝ բայց եթե չես կատարել քրեորեն հետապնդելի արարք, ինչո՞ւ պետք է վախենաս, Տիգրան Աբրահամյանն այսպես արձագանքեց․ «Իրավապահ համակարգն այսօր մահակ է ծառայում իշխանության ձեռքին։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր նաև երկրորդ նախագահի և նրա ընտանիքի, ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, դա քաղաքական հետապնդման վառ օրինակ է»։
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































