«Արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պետական համակարգում շատ առանցքային եւ տիտղոսավոր նախարարությունների թվում է դասվում։ Դրանով իսկ առանձնացված է ԱԳՆ կարեւորությունը։ Հիմա դրան կցել առեւտուր, թեկուզ միջազգային, կարծես թե գործառույթների մասով գործառույթներ են ավելանում, բայց անվանման մեջ մեր արտաքին գործերը կարծես թե կապվում են առեւտրի հետ։ Ինձ համար տարօրինակ է՝ ինչո՞ւ արտաքին գործերի եւ առեւտրի նախարարություն, մի՞թե արտաքին գործերն ու առեւտուրն իրար հետ այդքան համահունչ են»,- Ազգային ժողովի նիստում Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է ԱԳՆ-ն վերանվանել Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։
«Այս փոփոխությունները ձեւական բնույթ չեն կրում եւ արտացոլում են մեր քաղաքականությունը, մեր առաջնահերթությունները։ Ի՞նչ նպատակ ենք հետապնդում մենք՝ մեր նպատակը երկրի տնտեսական զարգացումն է, որը դժվար է պատկերացնել առանց միջազգային առեւտրի խթանման։ Եվ, հետեւաբար, դիվանագիտական կորպուսի գործունեությունը պետք է միտված լինի նաեւ միջազգայի առեւտրի խթանմանը, որը կբերի մեր տնտեսության աճին։ Այսինքն՝ միտքը տնտեսության զարգացումն է, դրա իրականացման եղանակը միջազգային առեւտրի զարգացումն է։ Եվ ավելի լավ, քան Արտաքին գործերի նախարարությունը, դժվար է պատկերացնել, թե այս գործառույթն ով կարող է իրականացնել»,- ասաց Սրբուհի Գալյանը։
Մամիկոն Ասլանյանն արձագանքեց․ «Նույն տրամաբանության մեջ մենք նաեւ ունենք ռազմական կցորդներ, այսինքն՝ ենթադրաբար կարելի է նաեւ ԱԳՆ-ին կցել Պաշտպանության նախարարությո՞ւնը։ Տնտեսական բլոկով զբաղվող փոխվարչապետ կա, կա էկոնոմիկայի նախարարություն, եւ ներդաշնակեցման միջոցով կարելի է այդ հարցը լուծել, ոչ թե այդ կարգի տիտղոսային անվանում ունեցող նախարարությանն ավելացնել առեւտուր բառը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Նախորդիվ ժամանակահատվածում մեր դիվանագիտական կորպուսն իր աշխատանքը նվիրել է կոնֆլիկտի հաղթահարմանը եւ կոնֆլիկտից բխող իրավիճակներում գործառույթների իրականացմանը։ Հիմա մենք կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս ենք, քանի որ հաստատվել է խաղաղություն։ Եվ հաստատված խաղաղությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս մտածել մեր երկրի կայուն, խաղաղ զարգացման մասին»,- ասաց Սրբուհի Գալյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































