ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի համոզմամբ՝ վերջին ութ տարիների սխալն է եղել, երբ մենք տարբեր ժամանակաշրջաններում փորձել ենք որևէ տրամաբանության տարր գտնել իշխանության վարքագծում կամ ելույթներում։
«Եթե խոսում ենք վերջին ամիսների քաղաքական իրադարձությունների մասին, պետք է ասենք, որ բոլոր հնարավոր և անհնար հարթություններում իշխանությունները հատել են բոլոր տեսակի կարմիր գծերը։ Եթե խոսում ենք Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի գործընթացի մասին, ապա այն հանձնարարականները, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչում էին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ ոչնչացնելու, տապալելու սպառնալիքներով, հնչում էին պիկափների վրայից, իսկ վերջին օրերին այդ սպառնալիքները տեղափոխվեցին խորհրդարանական ամբիոն»,- այսօր «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»՝ «Հայկական օրակարգ» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Տոնոյանը։
Նա շեշտեց, որ այդ ամենը մեկ մարդու վրեժխնդրության շրջանակներում է արվում․ «Որովհետև այն տեսարանը, որը կոնկրետ մարդու ցուցումով իրականացվեց Գագիկ Ծառուկյանի տանը՝ 30-40 դիմակավորված անձանց մասնակցությամբ, երբ Ծառուկյանն ընդառաջ է գնում նրանց, երբ ուներ բազմաթիվ րոպեներ իր տնից դուրս գալու, բայց ընդառաջ գնաց՝ պարզապես մեկ մարդու ամբիցիան բավարարելու, անհագ փափագով կոնկրետ այդ տեսարանը ստանալու նպատակով իրականացվում է այդ շոուն։ Սա համակարգային ողբերգություն է»։
Ըստ նրա՝ Ծառուկյանին ունեզրկելու գործընթացը խայտառակ գործընթաց է․ «Իշխանությունները լծվել են սեփականատերերի սեփականությունը գողանալու գործընթացին։ Այլ կերպ, քան գողություն, չեմ կարող այս գործընթացն անվանել․․․ «Արարատցեմենտ» գործարանը, որը պետականացվել է, նախօրեին մասնագետները բարձրաձայնում են, որ ցեմենտի գինը 20 տոկոսով բարձրացվել է։ Կոնյակի գործարանը, որը պետականացվել է, ամսական հաստիքների կրճատում է տեղի ունենում, իսկ «Մուլտի Վելնեսի» դեպքում Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար շահագործում է ուրիշի սեփականությունը, իրականացվում է տարրական գողություն։
Կարդացեք նաև
Այս իշխանությունների համար քանդելը, գողանալը դարձել է սովորական գործելաոճ»։
Տոնոյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն երկու բողոք է ներկայացվել, և պաշտպանական կողմը շարունակելու է քայլեր ձեռնարկել Գագիկ Ծառուկյանի իրավունքների վերականգնման համար.
«Ժողովրդավարության բաստիոնում մարդու իրավունքներն ու արժանապատվությունն ամեն օր պաշտպանության կարիք ունեն։ Սա ողբերգություն է։ Սա հարվածում է երկրի հեղինակությանը, և դրա շտկման համար տասնյակ տարիներ կպահանջվեն։ Արտասահմանյան ներդրողները չեն կատարի ներդրումներ այս երկրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































