Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը գործում է մեկ կենտրոնից, ընդդիմությունը՝ անհատական գործողությունների մարտավարությամբ». Մենուա Սողոմոնյան

Օգոստոս 28,2026 15:56 Share

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր դիմաց կա ուժեղ, կազմակերպված իշխանություն՝ վարչախումբ։ Ինչքան էլ այդ ուժի հիմքը լեգիտիմ չէ, նրանք տիրապետում են իրավապահ համակարգին, տեղեկատվական ռեսուրսներին, շատ մեծ փողերի և այդպես արժանանում են շատ մեծ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությանը։ Իրենք ղեկավարվում են մեկ կենտրոնից, և երբ խոսում են, երբ հանրային հաղորդակցություն են վարում, անում են համազարկային ձևով։

Դիմացը կա թույլ ընդդիմություն։ Թույլ ոչ թե նրա համար, որ այստեղ ուղեղներն են քիչ, այլ նրա համար, որ այստեղ անկազմակերպ վիճակ է։ Դրա պատճառների մեջ չեմ ցանկանում խորանալ»,- այսօր «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»՝ «Հայկական օրակարգ» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ըստ նրա՝ թույլ ընդդիմության պարագայում ստացվում է հետևյալ պատկերը․ «Իշխանությունը ստեղծում է ընդդիմության համար արհեստական խնդիրներ՝ ձերբակալելով Չալաբյանին, Արեգնազ Մանուկյանին և այլոց։ Քաղաքական կազմակերպությունները սկսում են պայքարել իրենց առաջնորդների ու ներկայացուցիչների ազատ արձակման համար։ Դա քաղաքական կազմակերպության համար հնարավորություն է՝ իր տեսանելիությունը բարձրացնելու, իր խոսքն ասելու»:

Քաղաքական կազմակերպությունների մղած պայքարն ու ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները Սողոմոնյանին հիշեցնում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարը, երբ կազմակերպված օսմանյան բանակի դիմաց ցաքուցրիվ հայդուկային ջոկատներ էին գործում, որոնց միջև, ըստ Սողոմոնյանի, մինչև անգամ մի շարք հարցերում տարաձայնություններ կային։

Սողոմոնյանի խոսքով՝ ընդդիմության գործելակերպը կարելի է ձևակերպել որպես անհատական գործողությունների մարտավարություն։ «Մենք պետք է գիտակցենք, որ անհատական գործողությունների մարտավարությունից անհրաժեշտ է անցնել միասնական, կոորդինացված գործողությունների ռազմավարության»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել