«Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան) վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը հերթական մրցանակն է բերել Հայաստան: ICMA (InterContinental Music Awards) միջազգային մրցույթում նա հաղթող է ճանաչվել լավագույն երաժիշտ անվանակարգում:
«Հետաքրքիր մի դրվագ եղավ, երբ ամիսներ առաջ պետք է հայտ ներկայացնեի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, օրն ու ժամը շփոթել էի համերգային գերծանրաբեռնվածության պատճառով, հայտերի ընդունման ավարտին մնացել էր 5 րոպեից էլ քիչ ժամանակ: Ինչպես գիտենք, ICMA-ի գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայում։ Իրենք ուսումնասիրելով և ծանոթանալով իմ կատարողական արվեստին ու գործունեությանը՝ ընդառաջել էին ինձ և մասնակցության հնարավորություն ընձեռել։ Հունիսի 30-ին շնորհավորական նամակ ստացա, որ 100-ից ավելի երկրների 3500 մասնակիցների մեջ ես անցել եմ եզրափակիչ փուլ, իսկ վերջնական արդյունքները պետք է հայտնի դառնան մրցանակաբաշխության ժամանակ՝ օգոստոսի 23-ին»,- Aravot.am-ի հետ զրույցում ժպտալով պատմեց Մարիաննա Գեւորգյանը։
«Տարբեր երկրների սիմֆոնիկ նվագախմբերի մաեստրոներ, համբավավոր երաժիշտներ, բազմաթիվ մրցանակակիր և տիտղոսակիր արտիստներ հեղինակավոր ICMA-ի շրջանակում մշակութային յուրօրինակ կամուրջ էին ստեղծել։ Ես ունեի մրցանակաբաշխության տոմս, որով պետք է ուղիղ եթերի միջոցով հետևեի տոնակատարությանը։ Եվ երբ լուսադեմին հայտարարեցին «Լավագույն երաժիշտ» անվանակարգը եւ հայտնեցին անունս, մի պահ շփոթվեցի… Ժամեր շարունակ հետևելով մրցանակաբաշխությանը՝ այնքան էի լարվել, որ չէի հավատում անուն ազգանունս հայտարարող ձայնին, մինչև մի քանի անգամ չկարդացի՝ լավագույն երաժիշտ Մարիաննա Գևորգյան… Անսահման ուրախ եմ եւս մեկ անգամ մեր երկրի պատիվը հեղինակավոր հարթակում բարձր պահելու համար»,- նշեց տաղանդաշատ երաժիշտը:
Կարդացեք նաև
«Կենդանի կատարմամբ ներկայացել եմ 18-րդ դարի սիրո քնարերգու Սայաթ Նովայի «Էշխեմեդ» հրաշալի ստեղծագործությամբ։ Յուրաքանչյուր անգամ միջազգային հարթակում ներկայանալ և ներկայացնել ազգային մշակույթ մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Բայց գրանցելով հաղթանակներ՝ երջանիկ եմ, որ միջազգային ճանաչում ունեցող ժյուրին, որը, ի թիվս այլոց, կազմված էր Գրեմմի մրցանակակիրներից, Էմմիի հաղթողներից, Billboard-ի չարթերում հայտնված արտիստներից, միջազգային ճանաչում ունեցող կոմպոզիտորներից, պրոդյուսերներից, դիրիժորներից ու կինոգործիչներից, բարձր է գնահատում իրական արվեստը»,- նշեց մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր քանոնահարուհին։
Չնայած բազմաթիվ հաղթանակներին, հեղինակությանն ու միջազգային ճանաչմանը՝ Մարիաննա Գեւորգյանը անչափ համեստ մարդ է: Նա մշտապես մասնակցում նաեւ բարեգործական նախագծերի, ընդ որում՝ առանց այդ մասին շեփորելու: Մարիաննայի նման երաժիշտների ներկայությունը ոչ միայն պատիվ է բերում «Տաղարան» համույթին, այլեւ մեր երկրին, որովհետեւ նրա նման արվեստագետների շնորհիվ են մեր արվեստն ու մշակույթը հանրահռչակվում եւ ճանաչելի դառնում աշխարհում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































