«Այս գործն իմ մասին չէ, սա փոքրիկ դրվագ է այսօրվա իրականության մեջ, երբ տասնյակ, հարյուրավոր մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշման համար ենթարկվում են հալածանքների, զրկանքների»,- իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Այս վարույթը վերաբերվում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։
Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 անձանց, այդ թվում՝ կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանի նկատմամբ։
Կարդացեք նաև

Անդրադառնալով հանրային մեղադրողի այն հիմնավորմանը, թե հաշվի առնելով պարոն Աշոտյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնների բնույթը, դրանից բխող վերջինիս հեղինակությունը, երբ որևէ անձ դեռ հարցաքննված չէ, շարունակում է բարձր մնալ հավանականությունն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությունը կարող է խոչընդոտել քրեական վարույթին, Արմեն Աշոտյանն ասաց․ «Ականջս ծակում է․ հանրային մեղադրողն ասաց, որ ես ունեմ որոշակի հեղինակություն, որը կարող է ենթադրել որոշակի ապօրինություն։ Եթե ես հեղինակություն եմ, հետևաբար պետք է այդ հեղինակությունից լավ բաներ սփռվեն, լավ ազդի, բարին բերող լինի։ Երբ հեղինակություն բառի կողքին գրում են ապօրինի վարք, դա չեմ հասկանում։ Հեղինակությունը միշտ պետք է բարոյական լինի, չի կարող մարդ լինել հեղինակություն և միաժամանակ մեղադրվել ապօրինության մեջ։ Այդ մեղադրանքն ինքնին կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում։ Կամ մի գրեք հեղինակություն բառը, կամ շեշտեք՝ էդ հեղինակությունն ինչի մասին է»։
Արմեն Աշոտյանն ասաց, որ երբ վերջերս իրեն եկել են ձերբակալելու, չի հիշել, որ այս գործով ցուցմունք է տվել․ «Այնքան ոչ մի բանի մասին էր այդ ցուցմունքը, ընդհանրապես չի ֆիքսվել նման հանգամանք։ Ինչո՞ւ է դատախազությունն առանձնացրել այս գործը և ուղարկել դատարան։ Մեզ մեղադրում են փողերի լվացման մեջ, երբ գործի մյուս հատվածը չկա։ Ներկա մեղադրյալների պարագայում տենց մարդ չկա, որ այդ փողը առել, բերել, տվել է, բիզնեսով է զբաղվել։ Հանրային ընկալման մեջ նրանք գործարարներ էլ չեն։ Այս երեքիս մեջ նման մարդ չկա»։
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































