«Շարունակում է բարձր մնալ հավանականությունն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքում մեղադրյալը կարող է ապացուցման գործընթացին միջամտելու հետ համատեղ խոչընդոտել քրեական վարույթին։ Հաշվի առնելով պարոն Աշոտյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնների բնույթը, դրանից բխող վերջինիս հեղինակությունը, երբ որևէ անձ դեռ հարցաքննված չէ, շարունակում է բարձր մնալ հավանականությունն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությունը կարող է խոչընդոտել քրեական վարույթին»,-Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ հիմնավորելով իր՝ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը՝ ասաց հանրային մեղադրողը։
Տեղեկացրել ենք՝ նախագահող դատավոր Խաչիկ Ղազարյանը որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը։
Կարդացեք նաև
Դատարանը նաև բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը անփոփոխ թողնել գործող մեղադրյալ Արթուր Ավագյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը և գործող մյուս մեղադրյալ, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ նրա նկատմամբ ոչ թե տնային կալանքը պետք է դադարեցվի, այլ առհասարակ որևէ խափանման միջոց ենթակա չէ կիրառման․ հիմքերը բացակայում են․ «Այս պայմաններում ի՞նչ ազդեցության մասին է խոսքը, եթե դու վեց-յոթ տարի տեղյակ չես քրեական գործից, որտեղ դու ունես վտանգ, արդեն դու ներազդել ես և ամեն ինչ արել ես։ Այսինքն՝ պաթետիկ խոսքեր են, այս գործով ազդելու ոչինչ չկա»։
Նա ցավով նշեց, որ քաղաքական բանտարկյալ երևույթը ոչ թե չվերացել, այլ կարծես դարձել է սովորական երևույթ․ «Այսօր խոսում ենք հարյուրավոր քաղբանտարկյալների մասին։ Սա խոշտանգում և հարված է իմ պաշտպանյալի՝ որպես քաղաքական գործչի նկատմամբ, երբ եվրոպական շատ կառույցների նա ցույց է տալիս, թե ինչ է կատարվում ՀՀ-ում»։
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































