«Ազգային կրթության խորհրդի» անդամ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանը դպրոցների միավորման ծրագիրը բնութագրում է որպես գյուղերի դատարկման ծրագիր՝ նշելով, որ նման որոշման հիմքում լուրջ ուսումնասիրություններ կատարված չեն․ փակվող գյուղական դպրոցների շենքերից շատերը տիպային են, գտնվում են բարեկեցիկ պայմաններում։
Շիրակի մարզում լուծարման ենթակա են 48 դպրոցներ, Հայաստանի ողջ տարածքում՝ 219-ը։
Արմեն Ներսիսյանի տեղեկացմամբ, այս տարվա սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզի Փոքրաշեն ու Հովունի համայնքների դպրոցները կմիավորվեն Քեթիի դպրոցի հետ, նոր դպրոցը կառուցել են, ավարտել են նաև ճանապարհաշինությունը։
«Մնացել է միայն բնակիչներին մեր ձևակերպմամբ՝ գումարով կաշառելը, որպեսզի երեխաներին հարևան գյուղում կառուցված դպրոց տեղափոխեն (զրուցակիցը նկատի ունի կառավարության կողմից յուրաքանչյուրի երեխայի համար ծնողին տրամադրվող 2 հազարական դրամը՝ որպես ճանապարհածախս․ Ա․Ն․)։
Կարդացեք նաև
Մենք ունենում ենք տխուր պատկեր, նախադեպային պատկեր, որ դպրոցները միավորում են, իսկ միավորման գործընթացը ինչ բառով էլ ձևակերպեն՝ միավորել, խոշորացնել, կլաստերացնել, միևնույնն է՝ երկու գյուղերում դպրոցները փակվում են, իսկ դա բերելու է անդառնալի հետևանքների»,- ասում է Արմեն Ներսիսյանը։
Ըստ նրա, Ամասիայի տարածաշրջանում դպրոցների միավորման գործընթացն այս պահին չի իրականացվում զուտ ճանապարհների վատ վիճակի պատճառով, երբ ճանապարհները վերանորոգեն, անմիջապես կփակեն գյուղական դպրոցները։
«Մենք, ըստ էության, ականատես ենք լինում հայկական գյուղերի դատարկման։ Այնպես չէ, որ թեմա է, մենք բարձրաձայնում ենք, խորությամբ ուսումնասիրված է, շերտերը բացահայտված են, թե ինչ հարվածներ են սպասվում», -ասում է Արմեն Ներսիսյանը։
Ըստ նրա, երբ կառավարությունը մշակել է այս ծրագիրը, իրենց սկզբում թվացել է, թե դիլետանտության հետևանք է։
«Գյուղերի միակ դպրոցը միայն կրթական գործառույթ չի իրականացնում, մենք ունենք խորը հետազոտություն․ դպրոցը և՛ կրթական, և՛ սոցիալ-տնտեսական, և՛ սոցիալ մշակութային, և՛ անվտանգային խնդիր է իրականացնում։
Այս շերտերը բացարձակապես ուսումնասիրված չեն, ձևակերպում են, թե երեխային ցեխից հանելու համար են դպրոցը միավորում, ուղղակի պետք է գյուղի ցեխը մաքրել, ոչ թե գյուղի միակ դպրոցը փակել։ Փակվող դպրոցների ճնշող մեծամասնությունը նորմալ պայմաններում է։ Այս ծրագրի վերջնարդյունքը գյուղի դատարկումն է»,-ասում է Արմեն Ներսիսյանը։
Ըստ մեր զրուցակցի, այս ծրագրով նախատեսված է Ամասիայի տարածաշրջանի 26 բնակավայրի համար պահել ընդամենը 5 դպրոց։
«Պատկերացնում եք ամբողջ Ամասիայի համար 5 դպրոց է լինելու, ես չգիտեմ՝ իրենք իրենց փափուկ բազմոցներից դուրս եկել, տեսե՞լ են Ամասիայի տարածաշրջանում բնակավայրերի միջև կապը, հնարավո՞ր է ձմռան շրջանում կապ ապահովել, բայց իրենք անում են ու բավական վստահ»։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ «Ազգային կրթության խորհուրդը» ահազանգեր է ստանում, թե խոշոր դպրոցները կառուցվում են նախկին ադրբեջանաբնակ բնակավայրերում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































