Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլանդիայի «դառը» դասը Հայաստանին

Սեպտեմբեր 01,2026 10:00 Share

Իսլանդիայի հանրության ավելի քան 52 տոկոսը մերժել է Եվրամիությանն անդամակցելը։ Օգոստոսի 30-ին իսլանդացիներն անցկացրել են հանրաքվե՝ կառավարող սոցիալ-դեմոկրատների նախաձեռնությամբ։ Հարցը վերաբերել է ԵՄ անդամակցության բանակցությունը վերսկսելուն։ Իսլանդացիները մերժել են բանակցությունը վերսկսելը, այլ կերպ ասած՝ ԵՄ-ին անդամակցելը։

Հայաստանում շատերը կասեն, թե՝ իսլանդացիներին ի՞նչ կա, իրենց համար ապրում են Եվրոպային չափազանց մոտ, իրենց կղզում, ցանկացած ժամանակ առանց վիզայի գնում են ցամաքային Եվրոպա ու հետ գալիս, ու կարող են իրենց թույլ տալ մերժել անդամակցությունը։ Ապա թող լինեին Հայաստանի՝ հայաստանցիների տեղը, տեսնենք կմերժեի՞ն, թե՞ կերազեին անդամակցության մասին։

Ով գիտե, գուցե եւ լիներ այդպես։ Բայց, հիմա փաստն այն է, որ իսլանդացիների մեծամասնությունը չի երազում անդամակցության մասին, այլ նույնիսկ մերժում է հարցը քննարկելը, Բրյուսելի հետ բանակցելը։ Ու պատճառը թերեւս այն չէ, որ նրանք ապրում են Եվրամիությանն այնքան մոտ, որ չգիտեն էլ, թե «նուշն ինչ է»։

Հակառակը, իսլանդացիները գիտեն, թե նուշն ինչ է, ու ըստ այդմ գիտեն, որ նուշը ԵՄ անդամ լինել-չլինելը չէ, այլ սեփական կյանքը սեփական երկրում կազմակերպելու կարողությունը, բանիմացությունը, կոմպետենտությունը, դաստիարակությունը, բարոյականությունը, արժանապատվությունը, հանդուրժողությունը, կրթվածությունը։ Իսլանդացիները գիտեն, որ այդ ամենը ԵՄ անդամ լինելով չի գալիս, իսկ չլինելով՝ չի գնում։ Այդ ամենը կամ կա, կամ՝ չկա։ Եվ, եթե չկա, ապա ԵՄ անդամությունը միայն քողարկելու է դատարկությունը, այլ ոչ թե՝ լցնելու։

Սա է Իսլանդիայի հանրության գլխավոր դասը Հայաստանի հասարակությանը. պետք է կարողանալ կազմակերպել սեփական կյանքը, իրականացնել ռեֆորմներ, պայմանավորվել ներքին համակեցության արժեհամակարգային հիմքերի, իրավական սկզբունքների եւ քաղաքական մշակույթի հարցում։ Իսլանդացիները արել են դա, ու հենց այդ ինքնավստահության բարձրությունից են գնահատում ԵՄ-ն, այլ ոչ թե թերարժեքության եւ տկարության իջվածքից։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել