Բիշքեկում կայանալիք Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-ՌԴ երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը․ այս մասին «ՇՀԿ+» գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հնդկաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, մնում է դրանց տալ փաստաթղթային ձևակերպում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը վարում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, որը Երևանն անվանում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն․ «Այդ քաղաքականության իմաստը հետևյալն է․ երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության և անկախության՝ բարդություններով լեցուն ճանապարհին»։
Այս ամենի նպատակը՝ ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելն ու ուժեղացնելն է, ինչը հնարավոր չէ ունենալ կոնֆլիկտի պայմաններում։ Ու հենց դա էր պատճառը, որ խորացնելով բարեկամական հարաբերությունները հարևան Վրաստանի և Իրանի հետ՝ Հայաստանը գնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով․ «Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին»։
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն արևելքից դեպի արևմուտք՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Նա հավաստիացնում է, որ նախագծի իրագործման արդյունքում շահելու են տարածաշրջանի բոլոր երկրները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































