Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում էներգետիկ ու միջանցքների պատերազմներ են, Հայաստանի ու Իրանի դերը տարածաշրջանում շատ կարեւոր է այս ժամանակաշրջանում»․ Փույա Հոսսեինի

Սեպտեմբեր 01,2026 15:58 Share

«Իրանը 15 հարեւան ունի, եւ ամենավստահելի հարեւանը միշտ Հայաստանն է եղել։ Մենք հազարամյա բարեկամներ ենք եղել։ Մենք տեսնում ենք` հիմա Իրանի շրջապատում ինչ է կատարվում, բոլոր հարեւանների հետ լուրջ խնդիր ունենք, բոլորը ռազմաբազա են տրամադրել Իրանի թշնամիներին ու Իրանի դեմ գործողություններ են արել։ Տարիներ շարունակ միակ երկիրը, որն ամենավստահելի բարեկամ է եղել, դա Հայաստանն է»,- «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեինին։

Նա նշեց, որ աշխարհում միջանցքների պատերազմ է՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Հարավային Կովկաս, մինչեւ Միջին Ասիա։

«Էներգետիկ պատերազմներ են, միջանցքների պատերազմներ։ Բոլորը պայքարում են, որ այդ միջանցքներն իրենց տարածքներով անցնեն եւ շրջանցեն թշնամի եւ մրցակից երկրներիn։ Դրա համար մեր երկու երկրների դերն այս տարածաշրջանում շատ կարեւոր է այս ժամանակաշրջանում։ Մենք ունենք «Հյուսիս-հարավ» ճանապարհը, Պարսից ծոց-Սեւ ծով ծրագիրը։ Մենք կողք-կողքի հարեւան ենք, բայց չունենք երկաթուղային կապ, եւ դա բացասական ազդեցություն է ունեցել մեր երկու երկրների գեոպոլիտիկ դերի վրա։ Եթե այդ երկաթգիծը կառուցվի, դա ռազմավարական նշանակություն կունենա մեր երկու երկրների համար։ Մենք պետք է էներգետիկ միջանցքներով կարողանանք մեծացնել մեր երկու երկրների գեոպոլիտիկ դերը եւ պետք է կամուրջ ծառայենք Եվրոպայից Ասիա կապի համար»,- ասաց նա։

Հոսսեինին նշեց, որ Իրանի գործողություները չպետք է բերեն Հայաստանի աշխարհաքաղաքական դերի նվազմանը եւ հակառակը՝ Հայաստանի գործողությունները չպետք է նվազեցնեն Իրանի աշխարհաքաղաքական դերը։ «Մենք պետք է լրացնենք իրար եւ այդ միջանցքների պատերազմում ընդհանուր ռազմավարություն ունենանք, որ կարողանանք մեր երկրների երկարաժամկետ շահերն ու անվտանգությունը պահել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նրա խոսքով՝ Իրանի եւ Հայաստանի տարեկան առեւտրաշրջանառության ծավալը հասել է 700 մլն դոլարի, որը երկու երկրների ռեսուրսների համեմատ շատ քիչ է։ «Միայն հենվելով պետական ռեսուրսների վրա՝ չենք կարող առեւտրաշրջանառությունը բավարար զարգացնել։ Այսօրվա հուշագրի ստորագրման նպատակն այն է, որ մենք պետք է բոլոր ներկայացուցիչների հետ կարողանանք աշխատել, որպեսզի կարողանանք բոլորի ռեսուրսներն օգտագործել մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,- հավելեց Փույա Հոսսեինին։

Նա նշեց, որ Իրան-Հայաստան Նորդուզի անցակետում շատ մեծ խնդիրներ կան այսօր։ Դա խնդիրներից մեկն է, որը խոչընդոտում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

«Մենք ունենք մի հին կամուրջ, որը բավարար չէ, քանի որ մեքենաների քանակը շատացել է։ Հիմա քննարկվում է, որ երկրորդ կամուրջը կառուցեն։ Բացի դա, Իրանն ու Հայաստանը պայմանավորվածություն ունեն, որ օրական 300 մեքենա անցնի անցակետով, բայց հիմա անգամ դա էլ է խնդիր՝ 50-60 մեքենա է անցնում։ Պետք է այդ խնդիրները լուծենք, մի քանի օր, անգամ, շաբաթով մեքենաները հերթի մեջ են մնում։ Մենք Լարսի մաքսակետի վրա ենք ուշադրություն դարձնում, բայց պետք է Նորդուզի մաքսակետի խնդրին էլ ուշադրություն դարձնենք։ Իրանն ու Հայաստանը նպատակ են դրել տարեկան 700 մլն դոլար առեւտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։ Բայց այն ենթակառուցվածքները, որոնք ունենք, բավարար չեն»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930