Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակ առաջ գրել էի՝ «Կարեւոր չէ բոլորովին, թե ում են դատում։ Կարեւոր է, թե ինչպես է արդարադատությունն աշխատում»։ Այս միտքը կրկնելու առիթ հանդիսացան նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան տեղափոխելու տեսագրությունները։ Նա հիվանդ է, գամված է անկողնուն, իսկ բերման ենթարկողները ունեն հանձնարարություն՝ տանել հաշվի չառնելով որեւէ հանգամանք։ Այն, որ Գագիկ Խաչատրյանն ու նրա շրջապատը, նրա ղեկավարներն ու նրա շատ ենթականեր երբեւէ արդարադատության առջեւ են կանգնելու, պարզ էր դեռ այն տարիներին, երբ նրանք իշխանություն էին։ Շատ է այս մասին գրվել ու խոսվել, նրանք, սակայն, նախազգուշացումները լուրջ չեն ընդունել։ Նրանց թվում էր, թե հավերժ է իրենց իշխանությունն ու իրենց ոչինչ չի սպառնում։
Բայց այն, թե ինչպես են նրանց այսօր ձերբակալում, թե ինչպես են բերման ենթարկում՝ դուրս է արդարադատության համատեքստից։ Ավելին՝ այն արդարադատության դեմ է։ Արդարադատության հիմքում մարդն է ու մարդու իրավունքները։ Արդարադատությունը մարդու նվաստացում, արժանապատվության ոտնահարում, կտտանք, վրեժխնդրություն չի նախատեսում։
Դատական նիստ կոչվող այս կարգի տգեղ ցուցադրությունները, որ կազմակերպում են իշխանությունները, կոչված են համոզելու, թե նախկինների գողացածը վերադարձնելու ուղղությամբ լուրջ աշխատանք են կատարում։ Ոմանք կարող են հավատալ։ Թող հավատան, իրենց գործն է։ Ոմանք կարող են ծափահարել։ Թող ծափահարեն, կրկին իրենց գործն է։ Թող չհարցնեն, թող չհետաքրքրվեն անգամ, թե այս ութ տարիների ընթացքում ինչո՞ւ չկարողացան դատել Գագիկ Խաչատրյանին ու մյուսներին։ Այս ու նման այլ ցուցադրությունները այս հավատացողների, այս ծափահարողների ու այս չհարցնողների համար են։ Նրանք, հաստատ, իրենց բավարարված կզգան։
Կարդացեք նաև
Իրականում, բայց, մեր երկրի որակն է ցուցադրվում։
Այդ մարդուն, մյուսներին նույնպես, բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու ձեւերը վաղուց են մշակվել ու կան։ Եթե նպատակը ուժի ցուցադրումը չէ, իշխանությամբ ինքնահաստատվելը չէ, եթե թելադրողն անլիարժեքության բարդույթը չէ, ապա այսպես, անկասկած, չէին վարվի։
Այսպես Եվրոպա չեն գնում։ Այս ճանապարհը Եվրոպա չի տանում։















































