«Սա կոնֆլիկտածին հայտարարություն չէ՝ Արցախը հայկական է, եւ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե հայկական չէ։ Բնականաբար, ինքը շարունակում է սպասարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը եւ իրենց շահերը Հայաստանում։ Բայց շարունակելու ենք պնդել, որ Արցախը հայկական է, եւ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը քննարկման կամ սակարկման ենթակա չէ»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ բոլոր միջազգային հանդիպումներում ՀՅԴ-ն իր Հայ դատի կառույցներով Արցախի հարցը բարձրաձայնում է։ «Բայց հարցն առաջ չի գնում, հարցը շատ դժվար է միջազգային օրակարգում պահել, քանի որ դրա թիկունքում չկա պետություն։ Ու ոչ միայն չկա պետություն, այլ պետությունը դրա դեմ է աշխատում։ Մենք ամեն ինչ անում ենք հարցն օրակարգում պահելու համար, բայց մշտապես հանդիպում ենք ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների, այլ նաեւ Հայաստանի կառավարության հակահայ քաղաքականությանը»,- ասաց Սաղաթելյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ միջազգային հարթակներում աշխատանքները շարունակելու են, քանի որ միջազգային հանրության մոտ առնվազն ընկալում կա Արցախի ժողովրդի վերադարձի հարցում։ «Այս պահին պահում ենք օրակարգում եւ թույլ չենք տալիս, որ հարցն այդ ճանապարհով փակեն ու լեգիտիմացնեն Ալիեւի արյունոտ ձեռքերը»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
























































