«Փորձ է արվում ասել՝ Ստամբուլյան կոնվենցիա և այլն։ Ստամբուլյան կոնվենցիա… այո, բայց պետք է արձանագրել, որ այս պրոցեսը դրա հետ կապ չունի, կապ ունի կոնկրետ այն իրավիճակների հետ, որի հետ մենք առերեսվել ենք»,- այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ։
Այս նախագիծը, հիշեցնենք, ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, նախկինում, օրինակ՝ 2012 թ.-ից, երբ ինքը պատգամավոր էր, ընտանեկան բռնության դեմ կանոնները ընդունվում էին միջազգային կառույցների պահանջով, այլ ոչ թե ներսի կարիքներից ելնելով, բայց այս նախաձեռնությունը կապ չունի արտաքին օրակարգերի հետ, այլ բխում է մեր հասարակության իրական խնդիրներին առերեսվելու անհրաժեշտությունից:
Նախաձեռնությունը նպատակ ունի կանխարգելել բռնությունը, ձևավորել զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ և արդյունավետ քննություն իրականացնել՝ ասաց հարցը ներկայացնող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Փաթեթը չորս հիմնական ուղղություն ունի․ Քրեական օրենսգրքով պաշտպանության ուժեղացում, ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչվում է որպես ինքնուրույն երևույթ և առանձին հանցակազմ՝ խստացնելով պատասխանատվությունը, տուժողի պաշտպանություն վարույթում, գործերը դառնում են հանրային մեղադրանքի առարկա՝ կախված չեն տուժողի բողոքից։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանն ասաց՝ բացառվում է հաշտեցման գործընթացը, սահմանափակվում են կրկնակի հարցաքննությունները, արգելվում է տնային կալանքը, եթե տուժողն ու մեղադրյալը համատեղ են բնակվում։ Հանվում է անարդյունավետ համարվող «նախազգուշացում» ինստիտուտը։ Տուժողին տնից հանելու փոխարեն առաջնահերթ տնից հեռացվում է բռնարարը: Ոստիկանների համար պարտադիր սահմանվում են կրծքի տեսախցիկներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կառավարության անդամները դրվատանքով խոսեցին նախաձեռնության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































