«Արարատ ցեմենտ» գործարանը շարունակում է մնալ կառավարման ներքո, գործարանի հետ կապված որևէ գործընթաց տեղի չի ունեցել․ այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ «բացարձակապես սուտ» որակելով տեղեկությունները, որ գործարանը գնել է վարչապետի ընտանիքի հետ ասոցացվող նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանը ոչ թե «Արարատ ցեմենտ» գործարանն է գնել, այլ «Հրազդան ցեմենտ» գործարանը․ հարցը տալիս՝ լրագրողը ենթադրաբար շփոթեց։
Նարեկ Նալբանդյանի մասով լրագրողի որակումը՝ «իշխանությունների սրտի գործարար», Նիկոլ Փաշինյանին բարկացրեց․ «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է, և ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն։ Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերը։ Ես չգիտեմ՝ դուք եք այդ տպավորությունը ստեղծում, թե ինքն է այդ տպավորությունը ստեղծում ձեր միջոցով, բայց էլի ասում եմ, որ թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ ինքը՝ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի…
Ամեն անգամ, երբ այդպես հրապարակում է լինում, ինչի՞ ինքը չի հերքում։ Սա մեզ ներվայնացնում է ահավոր ձևի, և եթե այդ հիմնավորումները արդեն բավարար լինեն, որ այդպես փորձ է անում տպավորություն ստեղծել, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները։ Դադարեցրեք այդ բանը։
Կարդացեք նաև
Ես կանգնում եմ ձեր առաջ, ասում եմ՝ բա ու՞ր են իմ միլիոնները, ուր, բա ասեք, ինչի՞ չեք ասում։ Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի, որ այդտեղ ֆորմալ կամ ոչ ֆորմալ փայ է։ Ես զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ով կփորձի աչքով տալով, չգիտեմ ինչ անելով, լռությամբ, ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան, ահավոր դաժան արձագանք է լինելու, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից։
Մամուլում հրապարակումներ են եղել, թե գնացել՝ մարզերում խանութներ են ձեռք բերել, ասելով, որ վարչապետի տիկնոջ հանձնարարությամբ է։ Ես հանձնարարել եմ, գնացել են՝ հատ-հատ այդ մարդկանց հարցաքննել են։ Եվ ես չեմ բավարարվում դրանով, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ, չորրորդ անգամ էլ, ասում եմ՝ որ պահին լինի հիմնավորում, մեր արձագանքը լինելու է դաժան։ Բայց մյուս կողմից՝ չեմ էլ ուզում, որ հանկարծ ստացվի, որ ինչ-որ մի հատ մրցակից այս կոմբինացիան ստեղծում է այս բանը ստեղծելու համար։ Երկրագնդի վրա չկա օբյեկտիվ փաստ, որ իմ ասածը ուղղակի կամ անուղղակի հերքի, մեր ընտանիքը որևէ ձեզ հայտնի բիզնեսի մեջ ընդհանրապես չկա, մենք գործարար հետաքրքրություններ Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս չունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































