Գյումրու բացառիկ ճարտարապետություն ունեցող շենքերում, որոնք գտնվում են քաղաքի պատմական հատվածում ու ներառված են «Կումայրի» պատմամշակութային արգելոց- թանգարանի ցանկում, մեկ մեխ խփելն անգամ մեծ պատմություն է դառնում։
Բանն այն է, որ «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում ներառված են նաև բնակելի տներ ու շենքեր, և շատ դեպքերում տանտերերը, չիմանալով, որ դրանք հուշարձաններ են, ու Գյումրու քաղաքապետարանից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարությունից հատուկ թույլտվություն է պետք վերանորոգման համար, փորձում են կարգի բերել տունը ու ընկնում են իրավապահների դռները։
Ցավով պիտի նշել, որ «Կումայրի» արգելոց- թանգարանում ներառված, յուրատեսակ ճարտարապետություն ու հարուստ պատմություն ունեցող շատ և շատ կառույցներ փլուզվում են, օրինակ՝ մեծահարուստ Դրամփյանների առանձնատունը, որը հայտնի է որպես «Գյումրի ռեստորանի» կամ «Բարի լույսի» շենք, «Վառեմ-մարեմի» շենքը և այսպես շարունակ․․․ Կարելի ասել, որ դրանք փրկելու ուղղությամբ պետական քաղաքականություն չի մշակվում, պետությունը չի ստանձնում վերանորոգումը նույնիսկ այն դեպքում, երբ այդ կառույցները չունեն սեփականատերեր, բայց երբ մարդը ստիպված այդ նույն թանգարանում ներառված իր տան կաթկթացող կտուրն է փորձում վերանորոգել սեփական ուժերով ու միջոցներով, իրավապահ համակարգը՝ ոստիկաններով, քննիչներով նրան հանգիստ չեն տալիս, տանում ու բերում են, քրեական վարույթ նախաձեռնում։
Aravot.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին ոստիկանության Կումայրի բաժին է հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գրությունն այն մասին, որ Գյումրի քաղաքի Ծուլուկիձե փողոցում գտնվող առանձնատներից մեկում, որը պատկանում է 75-ամյա թոշակառուի, առանց լիազոր մարմնի թույլտվության՝ կատարել են շինարարական աշխատանքեր։ Գրության մեջ նշված է, որ թոշակառուին պատկանող տունը հանդիսանում է «Կումայրի» պատմամշակութային հուշարձան կառույց, հետևաբար և իրավունք չկա առանց լիազոր մարմնի թուլտվության՝ շինաշխատանքներ ծավալելու։ Սա դիտարկվել է հանցանք, և սեպտեմբերի 4-ին ավագ համայնքային ոստիկաններից մեկը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին։
Կարդացեք նաև
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Այդ նույն օրը ոստիկանության Կումայրի բաժինը մեկ այլ ահազանգ է ստացել Գյումրու քաղաքացիներից մեկից առ այն, որ Գյումրու թիվ 1 գերեզմանատանը ինչ-որ անձինք քանդում են գերեզմանոցի քարերը։ Ոստիկանությանն ահազանգած քաղաքացին նշել է, որ այդ գերեզմանատունը «Կումայրի» պատմամշակութային հուշարձանների ցանկում է ներառված, և ոչ ոչ իրավունք չունի առանց լիազոր մարմնի թույլտվության՝ փոփոխություն կատարելու։
Ոստիկանություն է հրավիրվել 70-ամյա թոշակառու Ք․Ա․-ն, որը հայտնել է, որ նշված գերեզմանոցը պատկանում է իրեն, հուղարկավորված են իր հարազատները, և գերեզմանը թարմանցնելու նպատակով որոշել է բազալտե քարով ցանկապատել։
Այս դեպքում ևս ոստիկանության կողմից կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































