«Մենք այսօրվանից քաղաքական առումով պետք է ֆիքսենք, որ գնում ենք սահմանափակումների եւ այլ տարբեր որոշումների ճանապարհով, որպեսզի Երեւանում լուծենք խցանումների հարցը։ Խոսքը չի գնում մարզերի բնակիչներին Երեւան քաղաք մուտք գործել արգելելու մասին, բայց պետք է ընդունենք, որ Երեւան քաղաքն անսահմանափակ չէ, այստեղ մտնող մեքենաների քանակը գնալով շատանում է, եւ այդ բալանսը պետք է ինչ-որ ձեւ պահել։ Դա ենթադրելու է որոշումներ, որոնք հաճելի չեն լինելու շատերին, բայց նաեւ պետք է ընդունել, որ խցանումները հաճելի չեն բոլորին»,- Երեւանի ավագանու նիստում «Երեւանտրանս» ՓԲԸ լուծարման նախագծի եւ Երեւանի երթեւեկության խնդիրների քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նա նշեց, որ եթե հենց այսօր 200 նոր ավտոբուս մուտք գործի Երեւան, դրանով ոչ թե հանրային տրանսպորտի հարցը կլուծվի, այլ ընդհակառակը, ավելի կխորանա։ «Այս երթեւեկության մեջ նոր ավտոբուսների խմբաքանակ մտնելն ուղղակի առաջացնելու է կոլապս։ Հետեւաբար, մենք այսօր պետք է լուծենք խցանումների հարցը, որպեսզի ժամանակ հետո, երբ կունենանք նոր ավտոբուսների խմբաքանակ, այդ ավտոբուսները կարողանան մտնել քաղաք»,- ասաց Գալջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա միաժամանակ նշեց, որ բացառությամբ առավոտյան ու երեկոյան պիկ ժամերին, մնացած ժամերին Երեւանի ավտոբուսները կիսադատարկ վիճակում են։ «Բայց միաժամանակ ունենք հազարավոր մեքենաներ, որոնք խցանումների մեջ են, եւ այդ մեքենաների մեջ մի հոգի է։ Եթե մենք կարողանանք մեր քաղաքացիներին հոգեբանորեն տրամադրել, որ ցերեկային ժամերին ցանկալի է տեղափոխվել հանրային տրանսպորտ, վստահեցնում եմ, որ խցանումների հարցն էական կփոխվի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































