«Էրդողանը չէր, որ երջանիկ դեմքով փորին կպցրած մի հատ նկարվեր։ Իրանն այդ սիմվոլիկ քայլով, ինչպես ժամանակին թուրքերը՝ սիմվոլիկ քայլով, այդ գրքի միջոցով, կարծում եմ, փորձում է Հայաստանին զգուշացնել կամ նախազգուշացնել, որ Հայաստանը վարի հայամետ, հայկական քաղաքականություն, ոչ թե դառնա աշխարհաքաղաքական խաղացողների համար ինչ-որ մի գործիք»,- «Առավոտի» զրուցակիցն է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:
-Հոկտեմբերի 24-ից Հայաստանի և Իրանի միջև օդային թռիչքներն էապես դադարեցվեցին։ Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը, Թուրքիան եւ Օմանն էին դադարեցրել Իրանի հետ թռիչքները. ստացվում է, որ Իրանն ինչ-որ իմաստով շրջափակման մե՞ջ է հայտնվում, որին նաև Հայաստանն ու Ադրբեջա՞նն են նպաստում։
– ՀՀ գործող իշխանության քայլերը միտված են ավելորդ լարվածություն գեներացնելուն Իրանի հետ, մանավանդ այն զգայուն հարցում, որը կապված է Իրանի հաղորդակցության հետ։ Լավ բան չեմ տեսնում, որովհետև արևմտյան պատժամիջոցների դուդուկի տակ տրնգի պարելը Իրանի կամ այլ աշխարհաքաղաքական խաղացողների պարագայում բերելու է շատ ծանր հետևանքների։ Պարզ է, որ աշխարհը փուլ չի գա այս փուլում, սա հստակ ազդակ է իրանցիներին։ Հայաստանին, ըստ էության, ինչպես և Ադրբեջանին, ինչպես և այլ պետությունների, որոնք, այսպես ասած, արևմտյան վեկտորի մեջ են, կառավարվող են, Իրանը դադարելու է, եթե չի դադարել, դիտարկել որպես բարեկամ պետություն, իսկ հետևանքները դուք շատ լավ գիտեք՝ ինչպիսին կարող են լինել։
-Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում Իրանի նախագահը և Նիկոլ Փաշինյանն են հանդիպել։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը շատ զուսպ էր, շատ սառն էր, այդքան էլ հասկանալի չէր՝ զրույցն ինչի՞ մասին է եղել, բայց համացանցում հետո տեսանյութ տարածվեց, որում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկյան հարձակումների հետևանքների մասին գիրք է փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Փեզեշքիանը Փաշինյանին ասել է, որ այդ գրքում պատմվում է այն «օգնության» մասին, որն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել էր իրանցի ժողովրդին։
Կարդացեք նաև
– Հասկանում եմ ենթատեքստը ձեր հարցի. Էրդողանը չէր, որ երջանիկ դեմքով փորին կպցրած մի հատ նկարվեր։ Իրանն այդ սիմվոլիկ քայլով, ինչպես ժամանակին թուրքերը՝ սիմվոլիկ քայլով, այդ գրքի միջոցով, կարծում եմ, փորձում է Հայաստանին զգուշացնել կամ նախազգուշացնել, որ Հայաստանը վարի հայամետ, հայկական քաղաքականություն, ոչ թե դառնա աշխարհաքաղաքական խաղացողների համար ինչ-որ մի գործիք։ Սա, կարծում եմ, իրական դիվանագիտության տրամաբանության մեջ տեղավորվող քայլ է։
– Ի դեպ, ՄԱԿ գագաթաժողովի ժամանակ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանը երկու աթոռի նստած չէ, մի աթոռի է նստած, և այն հայկական աթոռն է։
– Ես այլ կերպ կձևակերպեմ. Հայաստանը նստած չէ հայկական աթոռի վրա, Հայաստանը պառկած է թուրքական սեղանի վրա՝ ճաշասեղանին։ Ավելի ճիշտ՝ այս իշխանությունը, ոչ թե Հայաստանը, պառկած է թուրքական ճաշասեղանի վրա, ոչ թե նստած է իր աթոռին։
– Ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քրեական գործը, քանի որ իրանցի գործարարների էր առնչվում, այդպիսով փորձ է արվում հայ-իրանական հարաբերությունների համատեքստո՞ւմ դնել Գագիկ Ծառուկյանին։ Որևէ նորություն կա՞ քրեական գործից։
-Վստահաբար նման փորձ արվում է։ Ինչ վերաբերում է իրանցի գործարարներին. նրանք իրանցի գործարարներ չեն, խարդախներ և հանցագործներ են. վերահաստատեց Իրանի դատարանը, որը հաստատեց, որ այդ մարդիկ, ըստ էության, մեքենայությամբ են զբաղված եղել և իրենք են վնասներ տվել Գագիկ Ծառուկյանին։ Այո, հայ-իրանական հարաբերությունների համատեքստում այս թեման խաղարկվել է և խաղարկվելու է։ ՀՀ իշխանությունն այնքան ամբարտավան է, որ կամ չի հասկանում, կամ իրեն էլի չհասկացողի տեղ է դնում. իրենք շատ են սիրում իրենց չհասկացողի տեղ դնել։ Հիշենք ՀՀ-ում Իրանի դեսպան, Ն.Գ. պարոն Խալիլ Շիրղոլամիի հայտարարությունը, որտեղ հստակ և պարզ ասվել էր, որ այդ հարցը, որը փորձել են դարձնել Գագիկ Ծառուկյանի դեմ ինչ-որ մեղադրանք, պիտի քննարկվի հայ-իրանական պետական հարաբերությունների ներքո։
– Այս իրադարձությունների հանրագումարում, եթե փորձենք կանխատեսումներ անել մոտ ապագայի կտրվածքով, ի՞նչ սպասելիքներ կան, մանավանդ առաջիկայում հայտարարված է նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
-Գիտե՞ք, դրական ակնկալիք չունեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները հասցրել են իրավիճակն այն մակարդակի, որ ցավով եմ արձանագրում, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանության բոլոր քայլերն ավելի են վատթարացնում մեր վիճակը, քանզի այդ մարդիկ, ըստ էության, խնդիրներ ունեն անկախ և ինքնիշխան որոշումներ ընդունելու և, սպասարկելով այլ քաղաքական կենտրոնների շահերը նույն հայ-ռուսական հարաբերությունների պարագայում, իրենք Հայաստանը դրեցին մի իրավիճակի մեջ, երբ շատ հնարավոր է, որ Հայաստանը զրկվի իր ավանդական առևտրային շուկաներից, օրինակ, և մնա պարենային անվտանգությունն ապահովելու միջոցներից զուրկ՝ փոխարենը չստանալով, ըստ էության, ոչ մի բան կամ ավելի խորացնելով կախվածությունը թուրքերից և ադրբեջանցիներից։ Ես տեսնում եմ այս քաղաքականության մեջ նպատակ՝ թուլացնել Հայաստանի Հանրապետությունը։ Սա իմ՝ ընդդիմադիր գործչի կարծիքը չէ, սա փաստ է։
– Գևորգ Պապոյանն ասում էր, որ դեպի Եվրամիության շուկաներ 70%-ով Հայաստանից արտահանումն ավելացել է։
– Եթե նույնիսկ կրկնապատկվի դեպի ԵՄ երկրներ Հայաստանից արտահանումը, միևնույն է, այն չի ապահովելու ԵԱՏՄ արտահանումների 20-30 տոկոսը։ Ինչևէ, խորհուրդ եմ տալիս բոլորին՝ այդ հարցով զբաղվողներին, գնան Արտաշատ, Վեդի, Արարատ, Արմավիր, այդ մարզերում ոտքով քայլեն ու մարդկանց հետ շփվեն, ոչ թե իրենց շքեղ մեքենաներով, շարասյուներով կանգնեն ու լուրջ դեմքով ինչ-որ բաներ խոսեն։ Թող մարդկանց հետ խոսեն՝ մարդիկ իրենց պատասխանը կտան։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25:.09.2026



















































