Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով Շաքիի միջադեպին, ասում է, թե բնակչուհին ադրբեջանցուն իր տանը հայտնաբերելուց հետո պետք է ոչ թե դիմեր ինչ -որ գործողությունների, այլ ահազանգեր ու սպասեր իրավապահներին, նրանց պրոֆեսիոնալ գործողություններին։ Փաստորեն ստացվում է, որ, եթե վարվեր այդպես, հիմա կլիներ անվնաս, միանգամայն առողջ, ըստ վարչապետ Փաշինյանի։
Դժվար է ասել, խորհրդարանի այդ անդրադարձը ծաղր է ծանր վիրավորված բնակչուհո՞ւ, նրա երեխաների՞, ՀՀ քաղաքացիների՞, թե՝ «պրոֆեսիոնալ իրավապահների» հասցեին։ Ամբողջ խնդիրն այն է, որ պրոֆեսիոնալ իրավապահ համակարգի առկայության եւ աշխատանքի պարագայում ադրբեջանցի այդ զինծառայողը՝ լիներ դիվերսանտ, թե լիներ մոլորված, պետք է առհասարակ չհասներ Շաքի եւ հայտնվեր տներից մեկի բազմոցին։ Հատկապես, որ իրավապահ «պրոֆեսիոնալ» համակարգը՝ ինչպես հենց ԱԱԾ հայտարարությունն է խոստովանել, դեռեւս սեպտեմբերի 29-ին է Ադրբեջանից տեղեկացել զինվորի հնարավոր ներթափանցման մասին։
Փաստորեն, ամբողջ երկու օր՝ պրոֆեսիոնալ իրավապահներն անկարող են եղել հայտնաբերել զինվորին, եւ կամ՝ ապահովել գոնե բնակավայրերի անվտանգությունը։ Կարող էր դժվարություն ներկայացնել անտառներում կամ ձորերում հայտնաբերելը, բայց գոնե բնակավայրերի անվտանգությունն ապահովելը պրոֆեսիոնալ համակարգի համար պետք է լիներ միանգամայն լուծելի խնդիր, այն էլ երկու օրվա ընթացքում։ Հիմա, Նիկոլ Փաշինյանն այդ աշխատանքի ակնհայտ ձախողման պայմաններում, իր տան բազմոցին զինված ադրբեջանցի հայտնաբերած կնոջը պոստֆակտում «խորհուրդ» է տալիս, որ պետք էր դիմել ու սպասել իրավապահներին, այլ ոչ թե գործել։
Դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը իր տանը զինված ադրբեջանցի զինծառայող հայտնաբերելու ինչ փորձ ունի, բայց Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներն այդպիսի հարուստ փորձ չունեն, որ սառնասրտորեն վերցնեն ոչ թե ինքնապաշտպանության որեւէ միջոց, այլ հեռախոսը վերցնեն ու զանգահարեն ոստիկանություն։
Կարդացեք նաև
Առավել եւս, որ մեղմ ասած, դժվար է ասել, թե երկու օր ադրբեջանցուն հայտնաբերել ու վնասազերծել չկարողացած «պրոֆեսիոնալ իրավապահներից» քանի օր կպահանջվեր ժամանել ահազանգի հետքով եւ վնասազերծել զինված ադրբեջանցուն։ Եթե իհարկե նա մտածեր նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանը՝ եւ հանգիստ նստած սպասեր, մինչ կինը կահազանգեր իրավապահներին եւ նրանք կժամանեին իրեն ձերբակալելու։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



















































