«Փոխանակման մասին քննարկումներ այս պահին լինել չեն էլ կարող, քրեական վարույթ կա, պետք է իրավական գնահատական տրվի սահմանը խախտած ադրբեջանցու գործողություններին, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան, ամենայն հավանականությամբ դատարանում կդատապարտվի, և պատիժը կսկսի կրել ՀՀ օրենքներին համապատասխան։ Պրակտիկան ցույց է տվել, որ նման դեպքեր տեղի են ունեցել, չեմ բացառում, հնարավոր է գերեվարության մեջ գտնվող կամ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների՝ ՀՀ տեղափոխվելու դիմաց նաև հանձնվի ադրբեջանցի այդ զինծառայողը։ Բայց դրա մասին խոսելը վաղ է»,-հարցին՝ Շաքի բնակավայր ներթափանցած և հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինվորին Ադրբեջանին արտահանձնելու հարց քննարկվե՞լ է, ԱԺ-ում ճեպազրույցների ժամին այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Լրագրողի փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիի միջադեպը ներկայացրեց որպես սովորական կրիմինալ միջադեպ և պնդեց՝ եթե կինն այդ քայլին չգնար, ամենայն հավանականությամբ այդ միջադեպը տեղի չէր ունենա, նաև նշեց, թե ընդդիմադիրների գնահատականներից հետո Աստված չանի, եթե հայ զինվորը սահմանն անցնի, քթից բերելու են, ՔՊ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Վարչապետն ասաց, որ մայրական բնազդն է աշխատել, դրա համար է այդ իրավիճակը ստեղծվել։ Ասաց՝ եթե սպասեր ոստիկանությանը, այդ միջադեպն այդպես կարող էր տեղի չունենալ։ Մեղադրանք չի հնչել տիկնոջ հասցեին, բնական է եղել, որ մայրական բնազդն ավելի առաջ է աշխատել։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քթերից բերելուն, ապա քաղաքականապես է քթերից բերվելու, դա է ասել վարչապետը։ Եղել է այն համատեքստում, որ այդ դեպքը պետք չէ ներկայացնել որպես դիվերսիա, պետք չէ խաղաղության բոստանը քար նետելու առիթ դառնա, իսկ ընդդիմությունը դա է անում, ասաց կրիմինալ է, ադրբեջանցի զինվորը հանցանք է գործել, իր պատիժը ստանալու է, և այս իրավիճակը այդպես ներկայացնելը կարող է հանգեցնել նրան, որ վաղը մյուս օրը, եթե ինչ-որ հայ զինծառայող մոլորվելով հայտնվի Ադրբեջանում, Ադրբեջանը վստահաբար այդ դեպքը ներկայացնելու է այլ կերպ, որպեսզի փոխանակի այս զինծառայողի հետ, որը ՀՀ-ում կրիմինալ հանցագործություն է գործել։ Ցանկացած մոլորվածի վրա մի այնպիսի կրիմինալ հանցագործություն է Ադրբեջանը կարելու, որ հետո փոխանակեն իրենց զինծառայողի հետ»։
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































