«Նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնենք այն վտանգավոր դրույթներին կամ միտումներին, որոնք կան այսօր Հայաստանի Հանրապետությունում: Դրանից են ձևավորվում ապագայի սպասելիքները: Արդեն այս պահի դրությամբ՝ հոկտեմբերի 8-ին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 1 մլրդ դոլարի վնաս ունի միայն ոչ խոհեմ պահվածքի պատճառով», – Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
«Մենք չենք կողմնորոշվում, թեև դա են մեզնից պահանջում երկու բևեռները, մենք դեռ մանկական խաղեր ենք անում, և այդ գավառամտությամբ կարող ենք բավական լուրջ ուժերին՝ Բրյուսելին ու Մոսկվային պտտացնել մատների վրա և ասել, թե իբր ինչ ուզեցինք, արեցինք: Մինչդեռ ողբալի վիճակում ենք այսօր հայտնվել: Ոչ կարող ենք գյուղացուն պատասխան տալ, ոչ քաղաքի բնակչին ասել, թե գնե՞րն ինչու են այդքան բարձրանում: Սրանք դեռ ծաղիկներն են: Առաջիկայում ունենալու ենք կատաստրոֆիկ վիճակ տնտեսության մեջ , ու միայն էներգակիրների գների պատճառով, ցավոք սրտի, Հայաստանի տնտեսությունը որպես այդպիսին այլևս չի կարող կյանք ունենալ: Կաթվածահար է լինելու տնտեսությունը, բնակչության 40 տոկոսից ավելին, որ աղքատության վերին շեմն է կազմում, չի կարող դրանից հետո հարստանալ, կամ աղքատությունը կրճատել:
Հիմա այս պայմաններում ի՞նչն է կարևոր՝ սուտ խոսելը, ինչը միշտ լսում ենք: Անամոթ ստեր են աջ ու ձախ տարածվում՝ ոչինչ, Լարսը փակվել է, մենք ուրիշ տեղ կգտնենք, բայց ոչ մի բան էլ չեն գտել, կամ սկսել են խոսել դիվերսիֆիկացիայի մասին, սակայն ավելի մեծ կախվածություն է առաջացել, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանից, այլև Ղազախստանից:
Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այս պետություններին, բայց ուր մնաց դիվերսիֆիկացիայի գաղափարը, տնտեսական անվտանգության սպառնալիքները մենք գնահատո՞ւմ ենք, որ հետո գնանք դրա վերացման կամ կրճատման ճանապարհով: Ի՞նչ ենք անում էներգետիկ անվտանգության ուղղությամբ: Մենք մեզ ազնի՞վ ենք պահում եվրոպացիների հանդեպ: Ես խնդիր եմ բարձրացնում հիմա»,- ասում է տնտեսագետը:
Կարդացեք նաև
«9 տարի է պարտավորվել ենք ըստ եվրոպացիների պահանջների՝ դեմոնտաժ անել ատոմակայանը 2017թ. նոյեմբերի 23-ի ստորագրած SEPA համաձայնագրով, մենք պարտավորվել ենք ռեբրենդինգ անել հայկական կոնյակը… Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը կամ նախարարությունն ինչով է զբաղված, կան ժամկետներ, պատասխանատուներ: Մենք ուզում ենք լրջությո՞ւն հաղորդել մեր հարաբերություններին որևէ երկրի կամ երկրների խմբի հետ, և ասենք՝ վիզաների ազատականացո՞ւմ: Ինչու պետք է ազատականացնեն, եթե մենք ազնիվ չենք իրենց հետ:
Կամ ինչպիսի՞ն է մեր պահվածքը Ռուսաստանի հետ, Ռուսաստանն ունի իր ազգային պետական շահերը, այդ դիտանկյունից՝ պահանջ է դրել, ասում է՝ կողմնորոշվեք, ուզում եք գնացեք Հյուսիսային Ամերիկայի Ազատ առևտրի գոտուն միացեք, բայց իմ հաշվին դա մի արեք: Մեզ համար կարող է դուրեկան չլինել, բայց մարդիկ ճիշտ են խոսում իրենց ազգային պետական շահերի տեսանկյունից»,- հավելում է Թաթուլ Մանասերյանը:
Ասուլիսն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































