Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ

Նոյեմբեր 05,2026 19:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 4-ին մասնակցել է «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստին։

Նիստին մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Արմեն Ղազարյանն իր ելույթում կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման և ոլորտային բարեփոխումների առաջմղման գործում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ արձանագրված առաջընթացին՝ այն դիտարկելով որպես վիզաների ազատականացման գործընթացի կարևոր ձեռքբերում։ Նա բարձր է գնահատել միջազգային գործընկերների տրամադրած իրավական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած աշխատանքները։

Անդրադառնալով սահմանների կառավարմանը՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման կարևորությունը՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Ազգային անվտանգության ծառայության, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի դերակատարումը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև իրավապահ համակարգի կարողությունների զարգացումը՝ անդրադառնալով ծրագրի շրջանակում ՆԳՆ ոստիկանության, մասնավորապես՝ քրեական ոստիկանության հետ համագործակցությանը և մասնագիտական ու տեխնիկական կարողությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Արմեն Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս շոշափելի արդյունքներ կարձանագրվեն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Յոհանն Հեսսեն ևս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ առանձնացնելով կենսաչափական անձնագրերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նա ընդգծել է, որ վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ։ Յոհանն Հեսսեն կարևորել է նաև Եվրոպական միության անդամ պետությունների ներգրավվածությունն ու փորձագիտական աջակցությունը՝ ծրագրի արդյունավետ իրականացման և հետագա բարեփոխումների համար անհրաժեշտ հիմքերի ձևավորման տեսանկյունից։

Նիստի շրջանակում ներկայացվել են ծրագրի մեկնարկային փուլի արդյունքները, աշխատանքային պլանն ու առաջիկա ամիսների առաջնահերթությունները։ Քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։

Նիստի ավարտին մասնակիցները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու պատրաստակամությունը։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել