ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից ճնշումները փուլերով շարունակվում են։
«Եղել են ռեպրեսիաներ նախընտրական փուլում, որոնց զոհ եմ գնացել նաև ես ու ապօրինի կալանքի մեջ եմ մինչև այսօր։ Եղել են հետընտրական ռեպրեսիաներ, որոնց զոհ է գնացել Գագիկ Ծառուկյանը, եղել են նախանախընտրական ռեպրեսիաներ, որոնց թիրախում է Սամվել Կարապետյանը։ Եղել են նոր ռեպրեսիաներ, որոնց թիրախում վերջին դեպքը Արթուր Դանիելյանն է։
Ակնհայտ է, որ իշխանությունները ընտրություններից առաջ տվել են արտաքին քաղաքական խոստումներ, ընտրությունների արդյունքները բավարար հիմք չեն ստեղծում իրավաքաղաքական այդ խոստումները ի կատար ածելու համար։ Ակնհայտ է՝ այն վախի մթնոլորտը, որով իշխանությունը փորձում է ստեղծել միջավայր, որից կքամի իր վեց ձայնը», – այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «գնացեք հեղափոխություն արեք», Աշոտյանն ասաց՝ դա ավտորիտար ռեժիմներին բնորոշ ձեռագիր է։
Կարդացեք նաև
«Ի՞նչ է նշանակում՝ գնացեք հեղափոխություն արեք։ Նույնն է՝ գանդբոլիստի ձեռքերը կապես, ասես՝ գնա գանդբոլ խաղա։ Եթե ձեռքերը կապում ես, էլ չի կարողանա խաղալ։ Երբ որ քաղաքական մրցակիցներին նստեցնում ես, ապօրինի զրկում ես իրենց իրավունքներից, ճնշում ես ԶԼՄ-ներ, մարդկանց պահում ես կալանքի տակ, հետո ասում ես՝ գանդբոլ խաղա։ Կներեք, hand-ս թող ball խաղամ հետդ։ Եթե ձեռքերս բռնել ես, ո՞նց ձեռնագնդակ խաղամ քո հետ»։
Աշոտյանն անդրադարձավ նաև իրական և պատմական Հայաստանի վերաբերյալ Փաշինյանական գաղափարախոսությանը՝ ասելով.
«Ակնհայտ է, չէ՞, որ սուտ է, կեղծ հակադրություն է, որովհետև Հայաստանը մի հատ է, ու իսկական Հայաստանն է և վեր է թե՛ պատմական, թե՛ Նիկոլի հորինած Հայաստանից՝ իսկական հայերով ու իսկական ՀՀ քաղաքացիներով։ Վստահ եմ, որ իսկականությունը ի վերջո հաղթելու է այն բոլոր կեղծ գաղափարական նարատիվներին, որոնք ջանասիրաբար տարածում է գործող ղեկավարը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































