ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հանրային մեղադրողի բացման խոսքից հետո անեկդոտ մտաբերեց և դատարանում իր հայտարարության ժամանակ պատմեց.
«Ինչ կարող է կինը սարքել ոչնչից՝ սանրվածք, սալաթ և սկանդալ։ Հիմա ոչնչից քրեական գործ է ստացվել՝ հիմա դատական նիստերի դահլիճում։ Դատախազի ընթերցած տեքստն էլ բովանդակային առումով այդ ոչնչի մասին է»։
Աշոտյանը նկատեց, որ այս գործով իրենց սերիալ է սպասվում՝ շաբաթը մեկ նիստեր են նշանակվելու։ Դատավորին դուր չեկավ «սերիալի» գաղափարը և ընդհատեց՝ միաժամանակ գնահատելով Աշոտյանի հումորը.
«Այստեղ սերիալ չենք նկարահանում, ոչ էլ սերիալի տրամադրվածություն կա»։
Կարդացեք նաև
Աշոտյանը շարունակեց՝ անդրադառնալով հանրային մեղադրողի բացման խոսքին։ Նա ասաց, որ վերջինս մի քանի անգամ օգտագործել է ձևակերպում, որը ՀՀ օրենսդրության մեջ չկա։
«ՀՀ օրենսդրության մեջ չկա «օտարման ոչ ենթակա գույք» հասկացությունը, կա «շրջանառությունից հանված գույք» ասվածը։ Հանրային մեղադրողը շատ լավ գիտի, որ մեղսագրվող արարքը գույքի սեփականաշնորհման գործընթացի հետ կապված ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ։ ՀՀ-ում կան գույքեր, որոնք արգելված են սեփականաշնորհել. դրանք ռազմավարական նշանակության օբյեկտներն են, արգելոցներն են, հանրային օգտագործման ընդհանուր տարածքներն են և բազմաթիվ այդպիսի գույքեր կան, բայց ոչ այս գույքը։
ՀՀ օրենսդրությամբ կա սահմանված նաև շրջանառությունից հանված գույք։ Մեղադրողը լավ գիտի այդ տարբերությունը, որ շրջանցի այն փաստը, որ տվյալ գույքի օտարումը չէր կարող դիտվել ոչ օրինական, օգտագործում է նոր տերմինաբանություն։ Մեր երկրում տարածված բան է. նույն բանը տարբեր անուններով են կոչում, հորինում նոր անուններ այն բաների վերաբերյալ, որոնք ակնհայտ է, որ ձեռք չի տալիս հին անուններով ասել»,- ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով իրեն մեղսագրվող փողերի լվացման հանցանքին՝ Աշոտյանը շարունակեց.
«Այստեղ որևէ նախադասություն նույնիսկ չկա փողերի լվացման մեղադրանքի հետ կապված, որը համապատասխանի ՀՀ-ում ընդունված «փողերի լվացում» ձևակերպմանը»։
Ինչ վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, Աշոտյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությունը պարտավորեցնում է բոլոր նախարարներին ապահովել իրենց ենթակա հիմնարկների բնականոն գործունեությունը.
«Մեղադրել նախարարին, որ ինքը պատրաստել է իր ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական նախագիծ, ընդ որում՝ ոչ թե ինքն է պատրաստել, պատրաստել է իրեն ենթակա գերատեսչությունը՝ իր հարյուրավոր աշխատակիցներով՝ իրավաբաններից մինչև քարտուղարություն։ Մեղադրելը պարզապես աբսուրդի ժանրից էլ չէ, չգիտեմ՝ ինչ է»,- հավելեց Աշոտյանը՝ պնդելով, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում էլ գործում չկա»։
Անդրադառնալով պետությանը հասցված վնասին՝ Աշոտյանը նկատեց, որ, իբրև թե, պետությանը հասցվել է 200 միլիոն դրամի վնաս, բայց գույքը վաճառվել է 215 միլիոն դրամով.
«Այսինքն՝ վաճառվել է ավելի թանկ, քան իբրև թե պետությանն է հասցվել վնաս։ Այստեղ էլ են հարցեր ծագում, այստեղ էլ վնասի խնդիր չկա։ Մենք կառավարության որոշմամբ վաճառել ենք ավելի թանկ, քան այդ գույքն արժեր»։
Աշոտյանն ասաց, որ իրեն մեղսագրվող մեղադրանքները իրականության հետ կապ չունեն և իր հետ կապ չունեն։ Ըստ նրա՝ այս գործը «եփվել է» և դատարան հասել բացառապես քաղաքական նպատակներով։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ շարունակվում է Արմեն Աշոտյանի և մյուսների գործով քննությունը: Ըստ մեղադրանքի՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Սահմանադրությամբ լիազորված լինելով խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացմանը, 2011 թվականի փետրվար-հուլիս ամիսներին, շրջանցելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գտնվող «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Ե. Կողբացի 42 հասցեում գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա կառուցված երկհարկանի մարզադահլիճը փոխանակել Երևան քաղաքի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 տարածքի հետ, որը ուսումնական նպատակներով օգտագործման համար ակնհայտորեն անհամապատասխան է եղել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































