Չիվա և Դովեղ գյուղերը շուտով կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ, որոնք կառուցվում են Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Երկու դպրոցների շինարարությունը նախկինում իրականացրած միևնույն կապալառուի անորակ և անավարտ աշխատանքը շտկել ու շարունակում են նոր կապալառուները։
Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքները կապալառուի կողմից այս պահին ավարտվել են։ Ձևավորվել է ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողով, որի աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է ստանալ ավարտական ակտ։

Տավուշի մարզի Դովեղի դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է։ Արդեն գրեթե ամբողջությամբ կառուցվել է հենապատը՝ կանխելով համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը, կառուցվել են մանկապարտեզի և դպրոցի հիմնակմախքը, իրականացվում է տանիքը, կառուցվում է նաև մարզադահլիճը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երկու դպրոցների նախկին կապալառու հանդիսացող միևնույն ընկերության հետ պայմանագրերը Քաղաքաշինության կոմիտեն լուծել էր, քանի որ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել էր նախագծից, պահանջվող որակից շեղումներով, շինարարական նորմերի և ժամկետների խախտումներով՝ չներկայացնելով նաև անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բանկային երաշխիքները։ Խախտումները փաստագրվել էին մասնագիտական հանձնաժողովի կողմից, կատարված նմուշառումների լաբորատոր փորձարկումներով, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից, որի միջնորդագրի հիման վրա կապալառուի լիցենզիան կասեցվել էր։
Նախկին կապալառուի կողմից պայմանագրերի լուծումը բողոքարկվել է դատական կարգով, որի պատճառով շինարարությունը նոր կապալառուների ներգրավմամբ հնարավոր է եղել շարունակել հօգուտ կոմիտեի դատական ակտերի կայացումից հետո։
Քաղաքաշինության կոմիտե



















































