Այսօր Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդության քննարկումը։
Նշենք, որ, ըստ մամուլի, թե ինչ խախտում էր վերագրվում դատավոր Մանուկյանին, մինչև նիստի սկսվելը հայտնի չէր։
Ներկայացնելով միջնորդությունը՝ ԱՆ ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը նշեց, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթը հարուցվել է գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։
«Հարուցված կարգապահական վարույթի հիմքում դրվել է այն, որ քրեական գործերից մեկի նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկ ընդունելու մասին որոշում այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 2018 թվականին հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային այն քննչական վարչությունում, որտեղ դատավորը 2008-2020 թվականներին աշխատել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Բացի այդ, վարույթի նյութերում առկա է պաշտոնական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, որն առնչվում է վարույթով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացմանը։
Կարդացեք նաև
Միաժամանակ, 2020-2024 թվականներին Արմավիրի մարզի դատախազությունում դատախազ աշխատելու տարիներին դատավորը որոշակի աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել գործով հանրային մեղադրողի հետ, թեև դատավորը չի մասնակցել քրեական գործով նախաքննությանը և թմրամիջոցի անհետացման հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի, և նշված հանգամանքների ամբողջությունը դատավորին չի խոչընդոտում գործով անաչառ և անկողմնակալ լինելուն։ Սակայն դատավորի գնահատմամբ՝ դրանք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը։
Վերոգրյալի կապակցությամբ դատավորին վերագրվել են ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։ Մասնավորապես, որ դատավորը, հիմնվելով գործող իրավակարգավորումներից չբխող պատճառաբանությունների վրա, հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից, ինչն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ընկալվել որպես դատավորի կողմից արդարադատության իրականացումից խուսափում։ Լիազոր մարմնի գնահատմամբ՝ դատավորի կողմից բացարկ ընդունելու միջոցով գործի քննությունից խուսափելը օբյեկտիվորեն նվազեցրել է դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ հանրության վստահությունը։
Դատավոր Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն մեղսագրված խախտումը։ Ներկայացնելով իր դիրքորոշումը՝ նա նշեց, որ միջնորդությունը չի արտացոլում իր կողմից կայացված՝ բացարկ ընդունելու մասին որոշման մեջ մատնանշված հիմքերն ամբողջությամբ, այլ դրա միայն որոշ մասն է այլընտրանքային գնահատման ենթարկվել, որն էլ, իր պատկերացմամբ, հանգեցրել է սխալ հետևությունների։ «Որոշման հիմքում ես դրել եմ ոչ թե այն հանգամանքը, որ ինձ մակագրված գործի նախաքննության ընթացքում պարզապես աշխատել եմ քննչական վարչությունում, այլ այն, որ տվյալ գործի նախաքննության ընթացքում իմ գործով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցի փաստի առթիվ նշված քննչական վարչության քննիչների անփութության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը էականորեն տարբերվում է հարցադրման այն ձևակերպումից, որը դրված է միջնորդության մեջ»,- ասաց նա։ Դատավորը մանրամասն ներկայացրեց կոնկրետ իրավիճակում իր բացարկ ընդունելու որոշման հիմքերը, որոնց համադրումը օբյեկտիվ դիտորդի մոտ կարող էր կասկած հարուցել իր օբյեկտիվ ու անաչառ լինելու վերաբերյալ։ Նաև մի քանի անգամ հատուկ նշեց, որ դատավորի բարձր պաշտոնն ստանձնելուց հետո փորձել է կայացրած որոշումներով և դրսևորած վարքագծով միայն նպաստել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 2-ին, ժամը 10։55-ին՝ նույն դահլիճում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































