«Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է վարչապետը՝ բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի։ Զինված ուժերի կիրառման մասին որոշման վերաբերյալ վարչապետը անհապաղ տեղեկացնում է Կառավարության անդամներին, և Կառավարությունը կարող է վերացնել այդ որոշումը կամ չեղյալ հայտարարել այդ որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը»,- ամրագրված է նոր Սահմանադրության նախագծում։
Ներկայացված դրույթը համեմատելով գործող ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ կարելի է արձանագրել, որ նախագծով էականորեն փոփոխվում է զինված ուժերի անհետաձգելի կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման և վերահսկողության մեխանիզմը։ Գործող Սահմանադրությամբ վարչապետի՝ զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը պայմանավորված է պաշտպանության նախարարի առաջարկության առկայությամբ, մինչդեռ նախագծով այդ նախապայմանը վերացվում է։ Այսպիսով, վարչապետը կարող է անհետաձգելի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն նախաձեռնել և կայացնել զինված ուժերի կիրառման մասին որոշում՝ առանց պաշտպանության նախարարի առաջարկության։
Գործող Սահմանադրությամբ սահմանված է․ «Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, որոշում է կայացնում զինված ուժերի կիրառման մասին և անհապաղ տեղեկացնում ՀՀ կառավարության անդամներին»։ Նոր Սահմանադրության նախագծում «պաշտպանության նախարարի առաջարկությամբ» բառերը հանված են։
Նախագծով վարչապետի որոշման նկատմամբ նախատեսվում է Կառավարության վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ՝ Կառավարությանը վերապահելով այդ որոշումը վերացնելու կամ դրա հիման վրա նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու իրավասություն։ Բացի այդ, եթե Կառավարությունը նման որոշում չի ընդունում, նախատեսվում է ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում, որից հետո կիրառվում են նախագծի 47-րդ հոդվածի կարգավորումները։ Այսպիսով, նախագծով լրացվում են վարչապետի՝ զինված ուժերի անհետաձգելի կիրառման վերաբերյալ որոշումների նկատմամբ Կառավարության վերահսկողության և հետագա սահմանադրական ընթացակարգերի կանոնները։
Կարդացեք նաև
Ներկայացված նախագծով էական փոփոխություններ են նախատեսվում Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակի և կազմավորման կարգի վերաբերյալ։ Ի տարբերություն գործող Սահմանադրության 173-174-րդ հոդվածների՝ նախագծով Խորհրդին վերապահվում են ոչ միայն դատարանների և դատավորների անկախության երաշխավորման, այլև դատական իշխանության արդյունավետ գործունեության և հանրային վստահության ամրապնդման գործառույթներ։
Փոխվում է նաև Խորհրդի կազմավորման կարգը․ գործող Սահմանադրությամբ հինգ անդամ ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի, իսկ հինգը՝ Ազգային ժողովի կողմից, մինչդեռ նախագծով բոլոր տասը անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։ Միաժամանակ դատավոր չհանդիսացող անդամների մասնագիտական աշխատանքի նվազագույն փորձի պահանջը 15 տարուց նվազեցվում է 10 տարվա, նրանցից մեկի առաջադրումը վերապահվում է ընդդիմադիր խմբակցություններին, իսկ անդամների պաշտոնավարման ժամկետը հինգից երկարացվում է յոթ տարի։
Բացի այդ՝ նախագծով փոփոխվում են Խորհրդի նախագահի ընտրության և անդամների անհամատեղելիության կանոնները, ինչպես նաև հստակեցվում ու լրացվում են Խորհրդի լիազորությունները։ Մասնավորապես, դատավորների լիազորությունների դադարեցման հարցն ինքնուրույն լուծելու փոխարեն՝ Խորհուրդը համապատասխան առաջարկությամբ դիմում է Հանրապետության նախագահին։
Նախատեսվում է նաև դատարանների և դատավորների անկախությանն ու արդյունավետ գործունեությանն աջակցող հանձնաժողովների աշխատանքն ապահովելու լիազորություն, ինչպես նաև Խորհրդի գործունեության վերաբերյալ Ազգային ժողովին տարեկան հաղորդում ներկայացնելու պարտականություն, որը գործող Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված չէ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































