Հայաստանում եւ հատկապես Երեւանում անշարժ գույքի գների թանկացման համատեքստում շատ են խոսակցությունները, թե այս գնաճը «փուչիկ» է, որը շուտով «պայթելու» է։
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է այս տեսակետներին եւ ոլորտում տիրող իրավիճակին։ Մասնագետը համաձայն չէ, թե ոլորտում գնաճն արհեստական է, նրա խոսքով՝ անշարժ գույքի նկատմամբ մեծ պահանջարկ կա։
«Երբ ասում են՝ «փուչիկ» է, ի՞նչ նկատի ունեն, մի քիչ անլուրջ է։ Ո՞նց են շուկան արհեստական ուռճացնում, ուզում եմ մեխանիզմը հասկանալ։ Եթե խոսում են, պետք է հիմք ունենան։ Ես անիմաստ եմ համարում այդ հայտարարությունները մեկնաբանել, որովհետեւ ազատ շուկայական հարաբերություններում գինը կարգավորվում է առաջարկի եւ պահանջարկի միջոցով։ Գները բարձրանում են, որովհետեւ կա մեծ պահանջարկ։ Կապ չունի՝ դա մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, բայց դա այդպես է։ Ես նաեւ նախկինում արտահայտություն եմ լսել, թե անշարժ գույքի գործակալություններն են այդ փուչիկը փչում, սեփականատերերն են փչում։ Ես չեմ հասկանում՝ դա ո՞նց է լինում։ Այսօր այնքան մեծ պահանջարկ կա, որ գույք չկա, որպեսզի վաճառենք։ Մեր գործերն էլ են վատ, որովհետեւ գներն այնքան են բարձրացել, որ մարդիկ չեն վաճառում, մտածում են՝ էլի կբարձրանան։ Կամ գույքը հանել են վաճառքի, եթե նախկինում գին էին իջնում, գնային բանակցություններ էին լինում, հիմա գնում ենք, գնորդն իր ասած գինը տալիս է, մարդը հրաժարվում է վաճառել, քանի որ կա մեծ պահանջարկ»,- ասաց նա։
Վահե Դանիելյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ի՞նչ գործոնների հաշվին է ձեւավորվել այդ պահանջարկը։ Նրա խոսքով՝ այս փուլում Հայաստանում անշարժ գույք են գնում հիմնականում Ռուսաստանից եկող հայերը։ «Ռուսաստանի անկայուն վիճակն իրենց համար մտահոգիչ է, իրենց ապագան մշուշոտ է այնտեղ, մարդիկ գալիս տներ են առնում։ Ռուսներն են գալիս տներ առնում, վարձակալության շուկայում էլ շատ մեծ պահանջարկ կա, եւ գները բարձրանում են։ Բանկային ծառայությունները դարձել են ավելի մատչելի։ Այսինքն՝ նախկինում հիփոթեքային վարկ տրամադրելու գործընթացն ավելի բարդ էր, ավելի շատ փաստաթղթեր էին ուզում, հիմա հեշտացել է։ Բայց նշեմ նաեւ, որ հիմա մեծ քանակությամբ կառուցապատում է իրականացվում, եթե պահանջարկն ինչ-որ կետից նվազի, շուկայի վիճակը կարող է շատ վատանալ։ Այդպիսի ռիսկ կա, բայց առայժմ դեռ չի նվազել, պահանջարկը կա։ Չնայած ասեմ, որ հուլիս-օգոստոս ամիսների համեմատ սեպտեմբերին նվազում է արձանագրվել։ Բայց շուկան չի նվազում, աճի նվազում է տեղի ունենում։ Այսինքն՝ եթե այն ժամանակ ամսական պահանջարկի 5 տոկոս աճ կար, հիմա պահանջարկի աճը կարող է 1-2 տոկոս լինել։ Հիմա արդեն մի քիչ հանգստացում է տեղի ունենում, ամառվա աժիոտաժը չկա, գույք չմնաց, բոլորը վաճառվեցին, շատ քիչ գույքեր են մնացել ու շատ բարձր գներով»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Վահե Դանիելյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարեսկզբից անշարժ գույքի շուկայում մոտ 20 տոկոս գների աճ է գրանցվել։ «Դեռ մենք էլ վերջնական հաշվարկներ չեն կատարել, բայց հունվարի մեկից սկսած 20-25 տոկոսով գներն աճել են։ Բայց այս աճը սկսվել է նախորդ տարվանից՝ սեպտեմբերից շուկան աստիճանաբար սկսեց ակտիվանալ։ Մինչեւ անցած տարվա սեպտեմբեր ամիսը բավականին կայուն ու դեպի գների իջեցման միտում ունեինք»,- հավելեց նա։
Անդրադառնալով անշարժ գույքի վարձակալության գների աճին ու հասարակության դժգոհություններին, որ պետությունը պետք է վերահսկի այս շուկան՝ վարձակալական գների վերին շեմ սահմանելով, Վահե Դանիելյանն ասաց, որ Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ այդ հարցում լավ փորձ ունեն, որը կիրառվում է։
«Եվրոպական երկրներում եթե մարդը բնակարանը վարձակալում է 5 տարով, սեփականատերն իրավունք չունի տարեկան, ենթադրենք, 20 տոկոսից ավելի գին բարձրացնել։ Հիմա վեց ամիսը մեկ ռուսները գալիս են կամ եսիմ որտեղից գալիս են, այդ մարդկանց կրկնակի գին են ասում, դա ճիշտ չէ։ Պետությունը կարող է վարձակալության շուկան ինչ-որ չափով կարգավորել, բայց այդ դեպքում էլ շուկան ստվերային է դառնալու, ամեն ինչ կեղծվելու է։ Սահմանափակումներ պետք է լինեն, բայց դրանք աշխատող պետք է լինեն, որովհետեւ ռիսկ կա, որ եթե, օրինակ, սահման դնեն, որ 20 տոկոսից ավելի չեն կարող թանկացնել, սեփականատերը չի թանկացնի, կգնա կասի՝ կներես, այս տունն ինձ պետք է, ես եմ ապրելու, խնդրում եմ, դուրս արի։ Շատ հաճախ հիմա հենց այդպես էլ անում են՝ ամաչում են ասել, որ ուզում են թանկացնել, վարձակալին ծանուցում են՝ ազատիր բնակարանը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































