«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանը բեռնաթափելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը պետական գերատեսչություններն ու հանրային մարմինները, ներառյալ Երևանի քաղաքապետարանը, փոքր կենտրոնից դուրս բերելն է։ Եվ ինչու ոչ՝ Երևանից ընդհանրապես։
Նախորդ տարի իրականացված երթևեկության փոփոխությունների մեծ մասը ցույց տվեց, որ իրավիճակային լուծումները ոչ միայն անարդյունավետ են, այլև հաճախ հակառակ արդյունքն են տալիս։ Այսօր Երևանի փողոցներն ավելի ծանրաբեռնված են, իսկ երթևեկությունը՝ անկանխատեսելի ու քաոտիկ։
Միայն մեկ օրինակ՝ Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձերի սահմանափակումը։ Ենթադրվում էր, որ դա կթեթևացնի փոքր կենտրոնի և Հանրապետության հրապարակի մուտքերը։ Բայց արդյո՞ք հաշվարկվել էր, որ պետական գերատեսչությունների, բիզնես կենտրոնների, հյուրանոցների և գրասենյակային տարածքների զգալի մասը հենց այդ հատվածում է։
Կարդացեք նաև
Այդտեղ աշխատող հազարավոր մարդիկ ինչպե՞ս պետք է հասնեն աշխատանքի։ Առավոտյան ժամը 9-ին մարդիկ հրապարակ չեն գալիս շատրվաններով հիանալու, մարդիկ գնում են աշխատանքի։
Արդյունքում՝ Մաշտոցի պողոտայի փոփոխությունները ծանրաբեռնել են հարակից փողոցներն ու մուտքերը։
Նույնը վերաբերում է հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտուն․ դրա արդյունավետությունը պետք է հիմնված լինի երթևեկության իրական հաշվարկների վրա։ Երբ ամբողջ երթևեկությունը կանգնած է, իսկ Մաշտոցի պողոտայում ավտոբուսի գոտին երկար հատվածներով դատարկ է, ակնհայտ է, որ կիրառված լուծումը արդյունավետ չէր և վերանայման կարիք ունի։
Բայց կա ավելի խորքային խնդիր, որի մասին կարծես չեն ուզում խոսել՝ կենտրոնի գերբեռնված կառուցապատումը։
Ամեն ամիս կենտրոնում նոր շինարարական թույլտվություններ են տրվում։ Իսկ երբ թույլտվություն է տրվում հերթական խոշոր բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար, արդյո՞ք գնահատվում է, թե քանի մարդ է ապրելու կամ աշխատելու այնտեղ, քանի մեքենա է ավելանալու, ինչպես են մարդիկ մտնելու և դուրս գալու այդ տարածքից, և արդյոք փողոցների ու ենթակառուցվածքների թողունակությունը բավարար է լինելու։ Սրա լավագույն օրինակն էլ Տերյան-Սարալանջ հատվող հատվածում կառուցված բազմահարկն է, որի պատճառով սարալանջի գլխավոր գոտիներից մեկը դարձել է կայանատեղի։
Առաջիկա տարիներին Սարյան փողոցում կառուցվող բարձրահարկ շենքերի ազդեցությունը դեռ առջևում է։ Եթե այսպես շարունակվի, մենք դեռ կտեսնենք, թե ինչ է նշանակում քաղաքային պլանավորման բացակայությունը։
Իրավիճակային, չհաշվարկված և ոչ մասնագիտական մոտեցումներով համակարգային խնդիրներ չեն լուծվում։ Ընդհակառակը՝ դրանք ավելի են խորանում։
Երևանի իրական բեռնաթափումը կարելի է սկսել՝
-փոքր կենտրոնում և առհասարակ Երևանում տրվող շինարարական թույլտվությունները վերանայելով՝ հաշվի առնելով տարածքի իրական տարողունակությունը և տրանսպորտային ենթակառուցվածքները։
– պետական գերատեսչությունները և հանրային մարմինները փոքր կենտրոնից դուրս բերելով դրանք տեղափոխելով քաղաքի այլ հատվածներ կամ մերձքաղաքային հատվածներ։
-Սկսել հենց Երևանի քաղաքապետարանից։ Միայն քաղաքապետարանի աշխատակիցների ամենօրյա տեղաշարժը և քաղաքացիների այցելությունների հոսքը զգալի ծանրաբեռնվածություն են ստեղծում կենտրոնում։
Ինչո՞ւ քաղաքապետարանն ինքը չդառնա ապակենտրոնացման առաջին օրինակը։
Հ․Գ․ աշխատանքի հասնելու համար Կոմիտասից Ամիրյան կամ հրապարակ հասնում ես 40-60 րոպեում, նույն ժամանակում հասնում ես Ապարան և այլ մարզեր, համ էլ օդը Երևանից դուրս ավելի մաքուր է կյանքն էլ ավելի խաղաղ։



















































