Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2026 թ. հուլիս-սեպտեմբեր համարը: Ամսագրի այս համարում ընդգրկվել են. «Գրատա Ինթերնեյշնլ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Խորեն Նասիբյանի՝ «Էլեկտրոնային եղանակով կնքվող միջազգային առևտրային պայմանագրերի կնքման վայրի որոշման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունքում», Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Մելիքսեթյանի և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Եվգենյա Գևորգյանի՝ «Տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության իրավական կարգավորման արդի հիմնախնդիրները», Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր, Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Գոհար Գրիգորյանի՝ «Սնանկության գործերով օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը», Իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ավագ դասախոս, Ռուս-Հայկական համալսարանի ավագ դասախոս Արտակ Գևորգյանի՝ «Իրավաբանական գրագրություն և վերլուծություն» առարկայի կառուցվածքի և դասավանդման առանձնահատկությունները, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանի՝ «Շրջակա միջավայրի պաշտպանության սահմանադրականացման համաշխարհային միտումները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի արդիականացման համատեքստում», Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հայցորդ Եփրեմ Կարապետյանի՝ «Անհամատեղության պահանջների և այլ սահմանափակումների հիմնախնդիրները հանրային ծառայության համատեքստում» ուսումնասիրությունները։
Ներկայացնում ենք մի հատված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Մարինե ԻՍԱՀԱԿՅԱՆԻ եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Միլեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Դատապարտյալների կրթության իրավունքի իրացման խնդիրները Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում» հետազոտությունից մի հատված։
«Մի շարք ուսումնասիրություններ էլ պարզել են, որ դատապարտյալների շրջանում կրթական մակարդակի եւ ընդհանուր աշխատանքային հմտությունների զարգացումը կարող է էապես նպաստել ինչպես հանցագործությունների, այնպես էլ կրկնահանցագործությունների կանխմանը։
Բուհերի եւ ՔԿՀ–ների համագործակցության ներկայիս իրավիճակը
Կարդացեք նաև
Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված է դատապարտյալների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու իրավունքը, այնուամենայնիվ այս դրույթը շարունակում է մեծամասամբ մնալ զուտ հռչակագրային, քանի որ ՀՀ ոչ բոլոր բուհերն են ապահովված հեռավար կրթության կազմակերպման հնարավորությամբ։ Օրինակ՝ ըստ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) պաշտոնական պարզաբանման (Գրություն №2/02/2158-25)՝ «(…) բուհն ունի դատապարտյալ ուսանողների հետ աշխատանքի որոշակի փորձառություն։ Համալսարանն իր գործունեության մեջ առաջնորդվում է ՀՀ ՔԿՕ-ով, որը սահմանում է դատապարտյալների կրթության իրավունքը։ Ավարտական կուրսերի ուսանողների համար բուհը կազմակերպում է քննական հանձնաժողովների արտագնա նիստեր անմիջապես ՔԿՀ-ներում։ Բաց ուղղիչ հիմնարկներում գտնվող անձանց համար կիրառվում է անհատական ժամանակացույցով ուսուցում։
Այնուամենայնիվ, տեխնիկական կրթության լիարժեք իրացմանը խոչընդոտում է լաբորատոր պարապմունքների անհասանելիությունը»։ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի նախաձեռնությամբ՝ 2023 թվականի հունվարին քարտեզագրվել են բարձրագույն և հետբուհական կրթություն տրամադրող բուհերը՝ մեկ միասնական հարթակ ստեղծելու նպատակով։ Օրինակ, ըստ 2023 թվականի վիճակագրության՝ «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալներից 4-ը բարձրագույն կրթություն է ստանում «Ուրարտու», իսկ 1-ը՝ Եվրասիա միջազգային համալսարանում։ Ընդ որում՝ նշված բուհերը ևս արձանագրել են մի շարք խոչընդոտներ ուսուցման կազմակերպման գործընթացում։
Մասնավորապես՝ համապատասխան կրթական ծրագրերը հաճախ հնարավոր չի լինում իրականացնել ՔԿՀ-ներում՝ տեխնիկական միջոցների խիստ սահմանափակ և հին լինելու պատճառով։ Խնդրահարույց է նաև այն փաստը, որ հանրակրթական, բուհական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցությունը համապատասխան խրախուսական միջոցառումների կազմակերպման տեսանկյունից գնահատվում է հավասար միավորներով։ Նման իրավիճակը հանգեցնում է նրան, որ դատապարտյալների մեծ մասը, պարզապես խրախուսական միավորներ կուտակելու նպատակով, նախապատվություն է տալիս կարճաժամկետ, ոչ ֆորմալ կրթական միջոցառումներին։
Այսպիսով, թեև մասնակիորեն լուծվում է վերջիններիս զբաղվածության հարցը, այդուհանդերձ, ստացված գիտելիքները հաճախ մակերեսային են և անբավարար՝ հետագայում աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։ Նման մեխանիզմով պետությունը չի իրագործում դատապարտյալների կրթության իրավունքի ապահովման առանցքային նպատակը՝ վերջիններիս արդյունավետ վերասոցիալականացումը։
Օտարերկրացի դատապարտյալների կրթության հիմնախնդիրները
ՀՀ ՔԿՀ-ներում մի շարք խոչընդոտներ են առաջանում նաև օտարերկրացի դատապարտյալների կրթական գործընթացի կազմակերպման հարցերում։ Այս դեպքում կրթության իրավունքի իրացումը հաճախ բախվում է լեզվական և մշակութային պատնեշներին։ ՔԿՀ-ներում կրթական գործընթացները հիմնականում հայերենով են։
Եթե դատապարտյալը չի տիրապետում հայերենին, նա փաստացի զրկվում է ընդհանուր կրթական գործընթացին մասնակցելու հնարավորությունից։ Բացի այդ՝ ՔԿՀ գրադարաններում օտար լեզուներով ուսումնական նյութերի տեսականին խիստ սահմանափակ է, ինչը դժվարացնում է ինքնակրթությունը։ Օտարերկրացիների համար լավագույն լուծումը կարող էր լինել հեռավար կրթությունն իրենց պետությունների բուհերում, սակայն ՀՀ ՔԿՀ-ներում համացանցի հասանելիության և տեխնիկական միջոցների հագեցվածության խնդիրները սահմանափակում են այս հնարավորությունները։ Ավելին, հաճախ օտարերկրացիները պատշաճ կերպով չեն տեղեկացվում իրենց կրթական իրավունքների և առկա ծրագրերի մասին՝ լեզվի չիմացության պատճառով։ Առկա խնդիրների լուծում կարող էին հանդիսանալ հայոց լեզվի դասընթացներն օտարերկրացի դատապարտյալների համար, որոնք հնարավորություն կտային վերջիններիս ներգրավվելու հետագա կրթական ծրագրերին։
Այլընտրանքային լուծում կարող է լինել կրթական գործընթացներում թարգմանիչների պարտադիր ներկայությունը և բազմալեզու հարթակների կիրառումը։ Կարևոր է նաև ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունների հաստատումը այլ պետությունների դեսպանությունների հետ՝ դատապարտյալներին իրենց մայրենի լեզվով ուսումնական նյութերով ապահովելու համար։
Համապատասխան ենթակառուցվածքների եւ տեխնիկական միջոցների բացակայության խնդիրները ՔԿՀ–ներում
Մեր օրերում անհնար է պատկերացնել առօրյա գործունեությունն առանց տեխնոլոգիական մի շարք միջոցների կիրառման։ Եթե պետությունը նպատակ է հետապնդում ի դեմս դատապարտյալի՝ ձևավորել այնպիսի անհատի, որը ոչ միայն հնարավորություն կունենա արդյունավետորեն օգտագործելու պատժի կրման ժամանակահատվածը, այլև ձեռք կբերի բավարար գիտելիքներ՝ պատժի կրումից հետո աշխատանքի անցնելու, սեփական կեցությունն ապահովելու և այդպիսով իսկ կրկնահանցագործությունից զերծ մնալու համար, ապա դատապարտյալներին տեխնոլոգիական հենքային գիտելիքներով ապահովելը ևս պետք է ներառվի պետական օրակարգում։ ՀՀ մի շարք ՔԿՀ-ներում այժմ էլ բացակայում են տեխնիկական սարքավորումների, տեխնոլոգիական միջոցների, այդ թվում՝ հեռավար ուսուցման կիրառման հնարավորությունները, իսկ որոշ ՔԿՀ-ներում էլ չկան կրթական ծրագրերի իրականացման համար ներկառուցված ուսումնական սենյակներ։ Հաճախ նմանատիպ խնդիրները լուծում են գտնում հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի արդյունքում։ Սակայն պետական մարմինները պետք է գիտակցեն, որ հասարակական կազմակերպություններն ինքնուրույն ի վիճակի չեն լուծում տալ առկա բոլոր խնդիրներին։
Ավելին՝ խոչընդոտներ են առաջանում ՔԿՀ-ներում իրականացված բարեփոխումների հավասարաչափ լինելն ապահովելու հարցում, այսպիսով առաջացնելով նաև դատապարտյալների իրավունքների իրացման անհավասար պայմաններ, որոնք չեն համապատասխանում ոչ միայն ներպետական, այլև միջազգային մի շարք փաստաթղթերով պետության ստանձնած պարտավորություններին։ Ինչ վերաբերում է տեխնոլոգիական միջոցների օգտագործմանն ու համապատասխան գիտելիքներին, ապա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրակրթությունից բացի՝ ՔԿՀ-ներում նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր են իրականացվում, մասնավորապես՝ օտար լեզուներ, հոգեբանություն, կարուձև, կահույքագործություն, ինչպես նաև համակարգչային հմտություններ։ Այնուամենայնիվ, տեխնիկական սուղ միջոցների առկայությունն ունենում է իր բացասական ազդեցությունը մի շարք դատապարտյալների կրթական գործընթացում։ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացը խիստ կանոնակարգված է օրենսդրությամբ, որը սահմանում է հեռավար ուսուցումը որպես կրթական ծրագրերի իրականացման մեթոդ։ Սակայն, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական պարզաբանման` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգի»-ի պահանջները՝ հեռավար ուսուցում կարող են կազմակերպել համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները՝ անհրաժեշտ հատուկ սարքավորումներով հագեցած տարածքների և պայմանների առկայության դեպքում։ Ներկայում հանրապետության ոչ մի միջին մասնագիտական ուսումնական հաստատություն չունի որևէ մասնագիտության գծով հեռավար ուսուցման լիցենզիա։ Համաձայն գործող կարգի՝ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար ավարտական քննությունները կազմակերպվում են դրսեկության (էքստեռն) ձևով։
Այս գործընթացն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից ձևավորվող հանձնաժողովների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս դատապարտյալներին ստանալ հիմնական կամ միջնակարգ կրթության պետական վկայականներ։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն (այսուհետ՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ) կատարած հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից նշվում է, որ ՀՀ ՔԿՀ-ներում իրականացվում են հանրակրթական ծրագրերով նախատեսված դասընթացներ։ ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականին իրականացվել են մասնագիտական հմտությունների դասընթացներ, ինչպիսիք են ծրագրավորման հիմունքներ, հաշվապահական հաշվառում, կահույքագործություն, գրաֆիկական դիզայն և այլն։
Ըստ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի պաշտոնական պարզաբանման՝ դատապարտյալներն ունեն բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռավար կրթություն ստանալու հնարավորություն։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ իրականացվել են «Ներուժի բացահայտում» և «Դիմադրության ձայներ» ծրագրերը՝ ուղղված դատապարտյալների, այդ թվում՝ կանանց, հոգեբանական և իրավագիտակցության բարձրացմանը։ Շախմատի ակադեմիայի հետ կազմակերպված առցանց մրցաշարերի արդյունքում ՀՀ դատապարտյալների հավաքականը աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ և 5-րդ հորիզոնականները։ Միևնույն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ ՄԻՊ) աշխատակազմի գրության համաձայն՝ ՄԻՊ-ը, որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իրականացնում է մշտադիտարկման այցեր քրեակատարողական հիմնարկներ, որոնց ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ անչափահասների կրթության իրավունքի ապահովմանը։ Այցերի ընթացքում արձանագրվում են թե՛ առանձին և թե՛ կրկնվող (շարունակական լուծում չստացող) խնդիրներ։ Այսպիսով, ուսումնասիրելով առկա տվյալները, կարող ենք եզրակացնել, որ թեև ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից նշում են, որ դատապարտյալներն ունեն բուհերում հեռավար կրթություն ստանալու հնարավորություն, սակայն ինչ վերաբերում է միջին մասնագիտական կրթությանը, ապա ԿԳՄՍ նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն ՝ Հայաստանում ոչ մի միջին մասնագիտական ուսումնական հաստատություն չունի հեռավար ուսուցման լիցենզիա։ Սա նշանակում է, որ պետության կողմից հռչակված «հեռավար կրթության իրավունքը» շատ դեպքերում մնում է զուտ տեսական, քանի որ չկան լիցենզավորված հաստատություններ, որոնք կարող են այդ ծառայությունը մատուցել օրենքով սահմանված կարգով։ Իսկ ՀԱՊՀ-ի պատասխանը հստակ ցույց է տալիս, որ կրթության կազմակերպումը ՔԿՀ-ներում կրում է դրվագային, այլ ոչ թե համակարգային բնույթ։
Բախվում ենք մի իրականության, երբ մի շարք ոլորտներում, հատկապես տեխնիկական և բնագիտական մասնագիտություններով կրթությունը ՔԿՀ-ներում գրեթե անհնար է իրականացնել պատշաճ մակարդակով, ինչն իր հերթին սահմանափակում է դատապարտյալի մասնագիտական ընտրության ազատությունը։ Ավելին, պաշտոնական տվյալները փաստում են, որ հիմնական շեշտը դրվում է ոչ թե երկարատև ակադեմիական կրթության, այլ կարճատև, ոչ ֆորմալ դասընթացների վրա։ Թեև դրանք կարևոր նշանակություն ունեն դատապարտյալների զբաղվածության և կրթական գործընթացներում, այնուամենայնիվ չեն կարող փոխարինել համապարփակ հանրակրթությանը կամ մասնագիտական բարձրագույն կրթությանը, որոնք անհրաժեշտ են դատապարտյալի հետագա վերասոցիալականացման համար։ Ներկայումս ՀՀ-ում դատապարտյալների կրթության իրավունքի իրականացման գործում առկա է խորը անջրպետ պաշտոնական իրավական կարգավորումների և դրանց գործնական կիրառության միջև։ Քանի դեռ պետությունը չի լուծել հեռավար կրթության լիցենզավորման և ՔԿՀ-ներում անհրաժեշտ տեխնիկական բազայի ապահովման հարցերը, կրթության իրավունքը կշարունակի մնալ սահմանափակված»։
«Առավոտ» օրաթերթ
14.10.2026



















































