Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի նկարագրությունը․ Ալիեւը սթա՞փ է եղել

Հոկտեմբեր 15,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրությանն է ներկայացրել հայ-ադրբեջանական խաղաղության մի «տեսլական», որն ըստ նրա՝ հաջորդելու է խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Նիկոլ Փաշինյանի այդ նկարագրության հիմքը «նախնական տպավորությունն» է, որ նա՝ իր իսկ հավաստիացմամբ, ստացել է Թուրքմենիայում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ շփումներից։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ խաղաղությունը փոխադարձ որեւէ պահանջից, որեւէ անկլավ-էքսկլավից զուրկ իրավիճակն է։

Թե ինչպիսին են եղել այդ շփումները, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել մանրամասներ։ Օրինակ, կարո՞ղ էր դա լինել ընթրիքի սեղանի շուրջ, երբ հնարավոր է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարները լինեին նաեւ փոքր-ինչ գինովցած։ Այդ դեպքում Իլհամ Ալիեւը գուցե «կովկասյան պերճախոսությանը» բնորոշ մի կենաց ասած լիներ խաղաղության մասին, ինչն էլ դառնար Նիկոլ Փաշինյանի «նախնական տպավորության» հիմք։ Որովհետեւ, երբ, օրինակ, հետեւում ենք վերջին տարիներին Ադրբեջանի նախագահի սթափ ելույթներին, դրանից պարզապես հնարավոր չէ քաղել Հայաստանի հանդեպ «անպահանջ» խաղաղության տրամադրվածության մասին ոչ մի տպավորություն, լինի այդ տպավորությունը նախնական, թե միջանկյալ։

Բայց տվյալ պարագայում խնդիրը թերեւս այլ է։ Նիկոլ Փաշինյանը կարծես թե սկսել է բավականին հետեւողական անդրադառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին։ Դա նշանակում է, որ նա կամ զգում է այդ հարցում ճնշում կամ հապաղելու դեպքում լարվածության ռիսկ, կամ Փաշինյանը պարզապես սկսել է քարոզարշավ՝ նոր Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավը։ Խաղաղության այն «վարդագույն» պատկերը, որ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը նախօրեին, այդ քարոզարշավի մասն է։ Նախ թերեւս հետեւողականորեն առաջ կմղվի այդ պատկերը, հետո արդեն դրան կհաջորդի թերեւս «շանտաժը»՝ ով դեմ է նոր Սահմանադրություն ընդունելուն, ուրեմն դեմ է խաղաղություն ունենալուն։

Ծանոթ մոդել է, բայց Նիկոլ Փաշինյանը ըստ էության չունի ավելի «կրեատիվ» լինելու հնարավորություն, ու կարծես թե նաեւ շատ ժամանակ էլ չունի։ Հետեւաբար, գնալու է թերեւս փորձված տարբերակով։ Իհարկե, այդ տարբերակը նրան չօգնեց պահպանել սահմանադրական մեծամասնություն, ինչն էլ թերեւս առաջացրեց դժգոհություն ու կասկածներ Բաքվում։

Հիմա Նիկոլ Փաշինյանը մի կողմից զբաղված է կասկածները ցրելու «տնային աշխատանքով», ինչը նաեւ ենթադրում է քարոզարշավ։ Իհարկե, իրավական գործընթաց դեռ չկա, բայց Նիկոլ Փաշինյանի առաջ շատ բարդ խնդիր է՝ համոզել հանրությանը, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջ չէ, այլ Հայաստանի ներքին կարիք։ Իսկ դա անելը շատ բարդ է, որովհետեւ Ադրբեջանը պահանջը ներկայացրել է չափազանց բաց ու հստակ։ Հետեւաբար, Փաշինյանի համար զուտ իրավականորեն քարոզչությանը հատկացվելիք ժամանակը բացարձակ բավարար չի լինի ՀՀ ողջախոհ քաղաքացիներին հավատացնելու համար, որ իրենք ընտրատեղամաս են գնալու Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի համար։ Իսկ ողջախոհ քաղաքացիների թիվը Հայաստանում ամենեւին քիչ չէ։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել