Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծվաշենը մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով՝ բնակավայրը կտեղափոխենք, որ արանքում մյուս երկրի տարածք չլինի»․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 15,2026 14:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ նկատի ունի, երբ ասում է․ «Անկլավների և էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս եւ այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։

«Ես նախկինում էլ բազմիցս ասել եմ՝ անկլավ-էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան, այդ թվում՝ ասել եմ այդ տարբերակը։ Այսինքն՝ իմաստն այն է, որ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ եւ էքսկլավներ չլինեն։ Սա քննարկվող սցենարներից մեկն է, եւ ես զգում եմ, որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց՝ հստակ չէ, թե տեխնիկապես եւ իրավաբանական առումով դա ինչ ձեւակերպում կստանա, դա իրավաբանական վերլուծության հարց է։ Դեռ պարզ չէ նաեւ՝ հանրաքվեո՞վ կլուծվի այդ հարցը, թե ոչ։ «Նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, այսինքն՝ ճշգրիտ տարածքների սահմանազատում։ Մենք պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանան այդ խնդրին քաղաքական ու իրավական առումով ճիշտ լուծում տալ»,- նշեց նա։

Փաշինյանը հավելեց․ «Ինչո՞ւ ենք հիմա դրա մասին խոսում, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ ենք մտել։ Եվ ես ինձ համար կարեւոր եմ համարում, որ մինչեւ 2031 թվականն այս պրոցեսը հասնի ավարտին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի տարածքների փոխանակում ասելով՝ խոսքը Տիգրանաշենը եւ մյուս տարածքները Արծվաշենի հետ փոխանակելու մասի՞ն է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այս պահին չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ըմբռնումն այդպիսին է։ Եվ խոսքը, այո, Քյարքիի, Բարխուդարլուի, Ասկիպարայի, Սոֆուլույի եւ Արծվաշենի մասին է»։

Փաշինյանը նաեւ ասաց, որ Արծվաշեն գյուղը գուցե կտեղափոխեն։ «Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չէ, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք։ Բայց, օրինակ, կարա լինի հետեւյալը՝ Արծվաշեն գյուղն այստեղ է, Արծվաշենի եւ Հայաստանի արանքում տարածք կա, որն Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ այս Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է, այսինքն՝ մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով, մի քիչ ուղիղ տանելով, բերվում մոտեցվում է։ Գաղափարն այն է, որ գյուղը չենք փակելու, ընդհակառակը, գյուղը վերստեղծում ենք, որ իր եւ Հայաստանի արանքում չմնա տարածք։ Պատկերացրեք՝ Ճամբարակից մարդը գնում է իրենց տուն, պիտի գա մի հատ սահմանն անցնի, հետո երկրորդ սահմանն անցնի, հետո երրորդ սահմանն անցնի, հետո չորրորդ սահմանն անցնի, դա պրոբլեմ է։ Խոսքը բնակավայրը տեղափոխելու եւ այնպես տեղադրելու մասին է, որ արանքում մյուս երկրի տարածք չլինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ո՞նց է տեղաշարժվելու Արծվաշենը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դե նկարագրեցի, էլ ո՞նց նկարագրեմ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031