Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության ոլորտին լրացուցիչ 2,36 մլրդ դրամ կհատկացվի. գիտական կենտրոնների համար կգնվի 21 նոր սարքավորում

Հոկտեմբեր 15,2026 14:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանում գիտական կենտրոնների վերազինման և գիտական հետազոտությունների ֆինանսավորման համար կվերաբաշխվի 2 մլրդ 356.9 մլն դրամ։

Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստին։ Նախագիծը զեկուցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս երկու ուղղություններն էլ գիտության ոլորտում մեր ռազմավարական առաջնահերթություններն են։ Մասնավորապես՝ 2021-ից սկսած՝ էական ներդրումներ են արվել գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, և ըստ էության՝ մենք արդեն իսկ տասնյակ միլիարդ դրամներ հատկացրել ենք այս նպատակին, որը օգնել է, որ մեր գիտական ինստիտուտներում և բուհերում ձևավորվեն լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է իրականացնել ամենաարդիական հետազոտությունները։ Նույնիսկ այն հետազոտությունները, որոնց համար նախկինում կարիք էր լինում դիմել արտերկրի լաբորատորիաների, այդ աշխատանքները կարողանում ենք իրականացնել Հայաստանում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը ներկայացրեց, որ 2026թ․ բյուջեով գիտական հետազոտությունների ֆինանսավորման համար նախատեսվել էր հատկացնել 2,25 մլրդ դրամ, և բացի այդ՝ որպես առաջնահերթություն պլանավորվել էր ֆինանսավորման որոշակի ծավալ, որը պետք է հատկացվեր մրցույթների իրականացումից հետո։

Վերաբաշխվող գումարից 1 մլրդ 567.3 մլն դրամը կուղղվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելուն։ Նախատեսվում է 12 գիտական կենտրոն վերազինել 21 սարքավորումներով։

«Մենք արդեն տեսնում ենք արդյունքներ, որոնք ոչ միայն գիտական հետազոտությունների և դրանց արդյունքների հրապարակման մասին են, այլև տեսնում ենք փորձարարական մշակումների, կիրառական նշանակության արդյունքներին ուղղված արդյունքներ։ Եվ մեր մի շարք ինստիտուտներում, լաբորատորիաներում այս նոր սարքավորումները գալու են լրացնելու եղած հզորությունները և ավելի մեծ հնարավորություններ բացելու»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Մյուս մասը՝ 789.6 մլն դրամը, կուղղվի գիտական դրամաշնորհային հետազոտություններին, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia — 2026»» «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր — 2026» և «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում — 2026» ծրագրերին։

Երկու մրցույթների փորձաքննության փուլն ավարտվել է, իսկ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2026» մրցույթը գտնվում է ավարտական փուլում։

Նախարարը նշեց, որ երեք ծրագրերն էլ ընդգրկում են լայն աշխարհագրություն․ «Սա ցույց է տալիս, որ այս ուղղություններով Կառավարության հետևողական քաղաքականությունը տալիս է իր արդյունքները, և գիտության ոլորտի ցուցանիշները վկայում են այն մասին, որ այս ջանքերի շարունակականությունը կբերի նաև ցանկալի արդյունքին, որոնք ամրագրված են ինչպես Կառավարության ծրագրում, այնպես էլ Գիտության ռազմավարությամբ»։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2021 թվականից մինչ այժմ արդեն իսկ 160 հետազոտական ծրագրի է աջակցություն տրվել՝ ընդհանուր 23,8 մլրդ դրամ ծավալով։ Այս տարի արդեն հետազոտությունների համար հատկացված է եղել 8,4 մլրդ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումը գրեթե եռապատկվել է՝ աճելով 2,8 անգամ։ Միաժամանակ նա ընդգծեց ֆինանսավորման նման նշանակալի աճի վերաբերյալ հանրային քննարկումներ իրականացնելու և իրազեկելու կարևորությունը։

Անդրադառնալով 2027թ․ բյուջետային հայտի վերաբերյալ մտահոգություններին՝ նախարարը վստահեցրեց, որ Կառավարության բոլոր ծրագրերի շարունակականությունը ապահովված է լինելու, գիտության ռազմավարությամբ նախատեսված բոլոր գործողությունների իրականացումը առաջ է տարվելու, ինչպես քննարկված և հաստատված է։

Նշենք, որ վերաբաշխված 2 մլրդ 356.9 մլն դրամը նախատեսված էր «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի համար, սակայն Ակադեմիական քաղաքի տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանից բխող գործընթացները ավարտված չլինելու, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման գործընթացները դեռևս ավարտված չլինելու հանգամանքներով պայմանավորված՝ համապատասխան ֆինանսական միջոցները չեն օգտագործվել, և առաջացել է դրանք այլ առաջնահերթ ուղղություններով վերաբաշխելու հնարավորություն։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031