Լրահոս
Օրվա լրահոսը

«CYFEST 17»-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում. մեդիա արվեստի միջազգային փառատոնը համախմբել է ավելի քան 35 արվեստագետի

Հոկտեմբեր 15,2026 22:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 15-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկեց «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակում ներկայացված «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ծավալուն ցուցադրությունը կգործի մինչև 2027 թվականի հունվարի 17-ը։ 

Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը, ռոբոտոտեխնիկան և տեխնոլոգիաները դնում է երկխոսության մեջ բնության ու «Օրգանական դպրոցի» ժառանգության հետ։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, ներկայացնելով փառատոնի նշանակությունն ու ծավալը, «Առավոտի» հետ զրույցում նշեց.

«Սայֆեստը միջազգային շատ կարևոր փառատոն է՝ կապված նոր մեդիաների, նոր տեխնոլոգիաների հետ։ Հիմնադրվել է 2007 թվականին, սկզբնական կոչվում էր «Սայբերֆեստ» (CyberFest), հիմա արդեն կրճատված կոչվում է «Սայֆեստ» (CYFEST)։ Առաջին անգամ է անցնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում. Հայաստանում արդեն մի քանի տարի իրականացնում է նախագիծը, բայց առաջին անգամ է, որ ամբողջությամբ կենտրոնացված է մի վայրում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Կասկադ համալիրում՝ մեր արտաքին և ներքին հարթակներում, և շատ հագեցած ծրագիր է լինելու»։

Արմեն Եսայանցի խոսքով՝ ցուցադրության «Natura Naturans» (մարդիկ, բնություն, բնապատկեր) կոնցեպտը խոր փիլիսոփայական արմատներ ունի.

«Վերնագիրը՝ «Natura Naturans», դեռ Սպինոզայից է գալիս՝ բնությունը, որ ոչ թե պարզապես օբյեկտ է, այլ շարժիչ ուժ է. բնությունը հենց բնություն է ստեղծում։ Այդպիսի ուժեր է ներկայացնում փառատոնի ցուցադրությունը՝ նաև հղում կատարելով Օրգանական դպրոցին, 20-րդ դարասկզբի ռուսական ավանգարդին, համաշխարհային ժամանակակից տենդենցներին։ Ներկայացված են 35 արվեստագետներ տասնյակ երկրներից, ինչը շատ մեծ ոգևորություն է թե՛ մեր կենտրոնի, թե՛ քաղաքի համար»։

Նա նաև ընդգծեց, որ ցուցադրությունն ամբողջությամբ տրանսֆորմացնում է տարածքը. այցելուները, օգտվելով շարժասանդուղքներից, կարող են տեսնել բազմաթիվ աշխատանքներ ռոբոտոտեխնիկայի և նոր մեդիաների ներգրավմամբ։ 

Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, համակուրատոր Սիլվիա Բուրինին իր ելույթում ընդգծեց մշակույթների միջև երկխոսության կարևորությունը.

«Սա մշակույթների միջև շատ կարևոր երկխոսություն է։ Ինչպես ասում է հայտնի սեմիոտիկ Յուրի Լոտմանը, երկխոսությունը ծնվում է լեզվից։ Այստեղ, երբ մենք ստեղծեցինք նոր լեզու, դա բնության լեզուն է՝ բնությունը որպես ստեղծագործ ուժ… Դարասկզբի արվեստագետները Պետրոգրադի «Օրգանական դպրոցից» մտածում էին գեղանկարչության մեջ լույսի, գույնի, ձայնի մասին, իսկ հիմա այդ բոլոր տարրերը մարմնավորվում են տեխնոլոգիաների միջոցով։ Այստեղ տեսնում ենք, թե ինչպես է ընթանում այդ երկխոսությունը, և մենք իսկապես ունենք նոր լեզու»։

Ցուցադրության համակուրատոր, «CYLAND» հիմնադրամի ներկայացուցիչ Ելենա Գուբանովան իր ելույթում շնորհակալություն հայտնեց մասնակից արվեստագետներին ու գործընկերներին.

«Շնորհակալություն հիանալի արվեստագետներին մեզ այս մեծ ծրագրին մասնակցելու հրավիրելու համար… Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահին տրամադրված աշխատանքների համար, հոգևոր-հայկական հիանալի նկարիչներին, որոնք շատ գեղեցիկ ներհյուսվեցին մեր հայեցակարգի մեջ։ Եթե ավելի լայն նայենք մեր ցուցադրությանը, ապա սկսում ենք հենց նրանց աշխատանքներից… Ցուցահանդեսին մասնակցում է մոտ 36 արվեստագետ գրեթե ամբողջ աշխարհից՝ Հարավային Ամերիկայից մինչև Ճապոնիա, Հյուսիսային Ամերիկայից մինչև Եվրոպա։ Անչափ շնորհակալ եմ մեր հիմնադրամին, հովանավորներին ու հիմնադիրներին, որոնց շնորհիվ ամեն ինչ ստացվեց»։

Պաշտոնական բացման արարողությանը հաջորդեցին մի շարք տպավորիչ պերֆորմանսներ և աուդիովիզուալ ներկայացումներ:

«CYFEST 17»-ի շրջանակում հանրային ծրագրերը, դասախոսությունները, վորքշոփներն ու պերֆորմանսները բաց և անվճար են լինելու հանրության համար։ Առաջին 4-5 օրերի ակտիվ ծրագրից հետո միջոցառումները կշարունակվեն նաև նոյեմբերին, դեկտեմբերին և հունվարին։

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել