Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 13 000 հանդիսատես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգին

Հուլիս 22,2026 16:04 Share

Հուլիսի 21-ի երեկոյան Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզը վերածվել էր բացօթյա մեծ համերգասրահի։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսավոր կերպով ամփոփեց իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը՝ հազարավոր երաժշտասերների պարգևելով հիշարժան երաժշտական երեկո։

Բացօթյա գալա համերգին մասնակցում էր շուրջ 13 000 հանդիսատես, ովքեր միասին վայելեցին համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները, ինչպես նաև նվագախմբի սիրված նախագծերից կատարումներ՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Հոբելյանական համերգաշրջանի փակման համերգը հերթական անգամ վկայեց, որ սիմֆոնիկ երաժշտությունը կարող է միավորել հազարավոր մարդկանց՝ ստեղծելով մշակութային բացառիկ մթնոլորտ Երևանի սրտում։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին էլ Մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգին ներկա էր ավելի քան 7 000 երաժշտասեր։

Առջևում նոր համերգաշրջանն է՝ նոր նախագծերով, նոր հանդիպումներով և երաժշտական նոր բացահայտումներով։
Համերգաշրջանի գլխավոր գործընկերն է GTB Holdings-ը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել