Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին

Հոկտեմբեր 16,2026 09:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը տեղեկություն չունի՝ ադրբեջանական պատվիրակությունն ինչու COP 17-ի համաժողովին մասնակցելու համար Երևան չեկավ:

«Մենք էլ 2019-ին չենք մասնակցել, զուտ ենթադրում եմ: Ոնց որ մենք ներսում մեր հասարակության հետ խնդիրներ ու բացատրելու ասելիք ունենք, իրենք էլ իրենց երկրում ունեն։ Դա իրենց որոշելիքն է, և դա ոչ մի ձև չպետք է պրոյեկտել հարաբերությունների վրա։ Հարաբերությունների մասով լարվածություն չկա ու չի էլ ակնկալվում»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ՀՀ-ին ուղղված Ալիևի հերթական մեղադրանքներին՝ հայերը «ֆաշիստ», «տեռորիստ» են, Սիմոնյանն այսպես մեկնաբանեց. «Բերում եք վատ օրինակներ, որոնք, իհարկե, տեղին են։ Բայց ՀՀ-ի կողմից դրական միտումը հաճախ չենք նշում։ Մեր ԱԺ ամբիոններից ոչ պակաս վատ արտահայտություններ ու բաներ ենք հնչեցնում, դա չենք նկատում, որովհետև 30 տարի ի վեր ամենասուր վիրավորանքը եղել է հարևան երկրի ազգության անվանումը»։

Լրագրողի դիտարկմանը, թե դա մենք չենք անում երկրի ղեկավարի մակարդակով, պատասխանեց՝ մենք շատ բան չենք անում, իրենք էլ այդ բաները չեն անում։

Միաժամանակ Սիմոնյանը նկատեց, որ հռետորաբանության առումով աշխատելու բան կա, բայց ընդունենք, որ հռետորաբանությունը նաև փոխվել է։ Նա պատմեց, որ հռետորաբանության մասին ասել է նաև Հաջիևին ու Ալիևին, վերջինիս հայտնել, որ նրա հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում Հայաստանում. «Ասել եմ, որ երբ ՀՀ-ում խաղաղության մասին ենք խոսում՝ կարևոր դերակատարում ունեք նաև դուք։ Լսեց, ասաց՝ բարի։ Չգիտեմ՝ ընդունեց, թե չընդունեց»։

Հենց այս խոսակցության ընթացքում Սիմոնյանը հեռախոսը հանեց ու ցույց տվեց, որ Հաջիևն է իրեն զանգում։

Անկլավների ու էքսկլավների հարցին անդրադառնալով՝ Սիմոնյանն ասաց, որ այդ քննարկումը կա, և գիտակցելով, որ որևէ ձևով այդ հարցը կարող է շատ ավելի խնդրահարույց լինել, մտադրություն ունեն գոյություն ունեցող ստատուս քվոն հաշվի առնելով՝ փոխանակեն. «Ինչ-որ տեղ, սահմանին մի քիչ առաջ բրդենք, որ վարչապետի նշած՝ ՀՀ տարածքի 29.743 քկմ-ն պահպանվի»։

Ինչ վերաբերում է գերիների հարցին, ասաց՝ վերադարձման ժամկետ իրենց առջև չեն դրել, ամեն օր աշխատում են այդ ուղղությամբ, ասաց՝ ադրբեջանցի զինվոր էլ Հայաստանում կա: Լրագրողի դիտարկմանը, թե վերջինս ներխուժել է ՀՀ տարածք, Սիմոնյանն ասաց՝ ներխուժման բառի իմաստը կբացատրե՞ք. « Մարդը մոլորվել է, բա ինչ է արել»:

Եթե մոլորվել է, ինչու չի հանձնվել ՀՀ իրավապահներին, հարցրեց լրագրողը, ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Մտել է, հաց է կերել, հետո պառկել, քնել է: Ինչքան գիտեմ՝ ինքը առողջական խնդիր է ունեցել կամ վիրավորված է եղել: Իսկ ներխուժումը ենթադրում է, որ դիմադրություն է տվել, պայքարել է, բայց նման բան չկա էլի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031