Լրագրողները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից մեկնաբանություն խնդրեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ՝ անկլավ, էքսկլավների, սահմանազատման հարցով։
«Ես կարծում եմ, որ պատկերացումները և ընթացակարգերը այդ հարցի հետ կապված հստակ ամրագրված են, և մենք գործելու ենք բացառապես հաստատված մանդատի շրջանակում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
«Ես պարոն վարչապետի ասուլիսը լսել եմ, կարծում եմ՝ բոլոր հարցերին հստակ պատասխաններ տվել է, ավելացնելու բան չկա»,- ասաց նա:
Տարածքների փոխանակման վերաբերյալ հարցին էլ այսպես արձագանքեց. «Ես նորից եմ ասում՝ ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է և որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք… Ցանկացած հանդիպում, ցանկացած քննարկում, որի վերաբերյալ կա հստակություն, անմիջապես հրապարակվում է, և այդ իմաստով, ես կարծում եմ, ունեցել ենք երևի 13 հանդիպում, և բոլոր հանդիպումների վերաբերյալ թե՛ նախօրոք, թե՛ հանդիպման արդյունքներով եղել է պաշտոնական հրապարակում արդյունքների մասին: Դրանից ավել բան ես ձեզ չեմ կարող ասել, որովհետև չկա: Չկա աշխատանք սահմանազատման հետ կապված, որն այս ֆորմատից դուրս է»:
Կարդացեք նաև
Իսկ այն հարցին, թե անկլավների հարցի շուրջ սահմանազատման հանձնաժողովի շրջանակում զրուցե՞լ է Ադրբեջանի հետ, Մհեր Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Եթե մենք այդ հարցի շուրջ քննարկում ունեցած լինեինք ըստ էության, և աշխատանքային հանդիպման կամ քննարկման կարգավիճակ ունենար հարցը, դուք կտեսնեիք հաղորդագրություն, որտեղ բոլոր հարցերի պատասխանները մաքսիմալ բացահայտված կլինեն»:
Լրագրողի հարցին՝ անկլավ-էքսկլավների թեմայով Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը զրուցե՞լ են Թուրքմենստանում, Մհեր Գրիգորյանը հետևյալ պատասխանը տվեց. «Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ են զրուցել, իր զրույցների մասին վարչապետն ինքն է հայտարարել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսապատկերը՝ արխիվային



















































